«Մենք աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին». Մանվել Գրիգորյանը՝ Սերժ Սարգսյանին
Այսօր Երկրապահ կամավորականների միության համագումարում միաձայն ընտրվեցին վարչության նախագահության անդամները, իսկ ԵԿՄ վարչության նախագահ 8-րդ անգամ վերընտրվեց Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
«Արցախն այլևս անկախ պետություն է»,- հայտարարեց Գրիգորյանը` նշելով, որ երկրապահներն անհրաժեշտության դեպքում մի մարդու պես կանգնում են սահմանին:
Մ.Գրիգորյանը կարևորեց ոչ միայն ձեռքբերելը, այլև ձեռքբերածը պահպանել և փոխանցել երիտասարդ սերնդին:
«Երկրապահը միշտ էլ բանակի կողքին է: Եթե ուզում ենք պատերազմ չլինի, պետք է ուժեղ բանակ ունենանք»,- ասաց Գրիգորյանը:
«Սիրելի զինակիցներ, խնդիրներին բոլորից լավ տեղյակ է Հայաստանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:
Մենք համոզված ենք, որ ջանք ու եռանդ չեք խնայում կառուցելու հզոր, զարգացած Հայաստան, որտեղ պաշտպանված կլինեն հայրենիքի սահմանները, և որտեղ բարեկեցիկ, խաղաղ կյանքով կապրի մեր ժողովուրդը: Դա է երկրապահներիս երազանքը: Մենք էլ աջակցում ենք Ձեր բոլոր նախաձեռնություններին: Երկրապահն ակտիվորեն մասնակցել և մասնակցելու է համապետական ընտրություններին: Երկրապահը չի կարող անտարբեր լինել երկրի, պետության, ազգի ճակատագրի հանդեպ: Ինքներս մեր ձեռքով պետք է մեր ճակատագիրը կերտենք, որ հետո ուրիշից չդժգոհենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը: