«Դուք խոսեք նրանց մասին, ովքեր մարդկանց հավաքել էին ու տրնգի էին պարում». Արթուր Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի մասին
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ոչ մեկի հետ համագործակցությունը չի բացառում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը խոսելով ընդդիմադիր դաշինքների հետ համագործակցության հնարավորության մասին՝ նշեց, որ թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում չեն բացառում համագործակցությունը նրանց հետ, բայց միաժամանակ նկատեց՝ «պետք է առուն թռնենք, նոր «հոպ» ասենք»:
Ա. Բաղդասարյանի գնահատմամբ՝ նոր խորհրդարանում անպայման լինելու են քաղաքական կոալիցիաներ: Իսկ թե պատրա՞ստ են իրենք ՀՀԿ-ի հետ նորից կոալիցիա կազմել՝ նա չբացառեց ու չհաստատեց. «Մենք ցանկացած քաղաքական կազմակերպության հետ կոալիցիա կկազմենք, եթե մենք ունենանք որոշումների վրա ազդեցություն: Որևիցե այլ դեպքում մենք չենք կազմի կոալիցիա»:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ իրենք որոշել են նախընտրական շտաբի ղեկավար չունենալ. ունենալու են խորհրդի կազմ, որի մեջ նաև ինքն է. «Յուրաքանչյուր 13 շրջաններում կունենանք համակարգող շտաբներ»:
Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք ընդդիմադիր են ձևավորված քաղաքական համակարգին, Սերժ Սարգսյանին և բոլոր բացասական երևույթներին և գտնում են, որ մեր հասարակության 99%-ն ընդդիմադիր է:
Խոսելով 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի մասով իրենց պատասխանատվության մասին՝ Ա. Բաղդասարյանն ասաց. «ՀՎԿ-ն Մարտի 1-ին հետ որևէ առնրություն չունի, ով նման բաներ է ասում, ազնիվ չէ: Մենք քաղաքական կոալիցիա ենք կազմել, որ Հայաստանը չդառնար արյան ծով: Դուք խոսեք այն մարդկանց մասին, ովքեր այդ մարդկանց հավաքել էին ու տրնգի էին պարում՝ առանց ցույց տալու, թե ուր պետք է գնալ: Այդ հրապարակի տերերը և զենք կիրառողներն են պատասխանատուները»: