«Խնդիրը ոչ թե հարկատուներն են, այլ՝ հարկ հավաքողները». Վահագն Խաչատրյան
Մեր զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը
– Պարոն Խաչատրյան, ՊԵԿ նախագահն այսօր հավաստագրեր է շնորհել «օրինապահ հարկ վճարող» 20 տնտեսվարողների: Այս պրակտիկան ի՞նչ կարող է փոխել։
– Չգիտեմ` որքանով օգտակար կդառնա նման մոտեցումը, հարկատուների գնահատականներն օբյեկտիվ են, կկարողանա՞ նպաստել հարկային դաշտի առաջընթացին, այսինքն՝ գործարարների մոտ ցանկություն առաջանա իսկապես հարկային պարտականությունների առումով լինել պարտաճանաչ, օրենքի պահանջները կատարել, բայց ես խնդիրն այլ դաշտում եմ տեսնում։ Խնդիրը ոչ թե հարկատուներն են, այլ՝ հարկ հավաքողները։
Ես համոզված եմ, որ, եթե հանրապետությունում այնպիսի հարկային քաղաքականություն վարվի, որ բացի օրենսդրությունից, զուտ պրակտիկայում բոլորի նկատմամբ հավասարություն լինի, խտրականությունը վերանա, ապա այդ մրցանակներին արժանացողների թիվն ավելի շատ կլինի, և նույնիսկ դժվար կլինի ամենալավագույնին ընտրելը։ Որովհետև այսօր խաղի կանոնները թելադրում է ոչ թե օրենքը, ոչ թե իրավական դաշտում աշխատելու հանգամանքը, այլ՝ հարկային մարմիները, թե դրանք ինչքան են հավատարիմ, մտերիմ, անձնական կապերով մարդիկ, կամ իշխանության կողմից հովանավորվող մարդիկ, կամ այլ չափանիշներով առաջնորդվող գործարարներ։ Սա է կարևոր և սա է գործում։
Ես կարծում եմ, որ այս պահին, ընդհանուր այս կառավարման պայմաններում նշանակություն ունենալ չի կարող, որովհետև ընդհանուր մոտեցումները, որ անգամ 180 աստիճան փոփոխության կարիք ունեին, չեն փոխվել։ Եվ այս պայմաններում այդ տիպի քայլերը՝ փորձել մրցանակներ տալ լավ հարկատուներին, շատ քիչ օգուտ կարող են տալ ընդհանուր տնտեսության զարգացմանը կամ հարկահավաքության բարձրացմանը։
– Իսկ ընդհանրապես ի՞նչ է նշանակում՝ ունենալ ընդամենը 20 օրինակելի հարկ վճարող, երբ Հայաստանում հազարավոր տնտեսվարողներ են գործում։
– Դա կախված է նրանից, թե նախ՝ ինչ չափորոշիչներով են ընտրվել, և երկրորդը՝ եթե 20-ը մի քանի տասնյակ հազարների մեջ է, դա շատ տխուր է։ Եթե ավելի շատ են, և կարողացել են խիստ չափանիշներ դնել ու դրա շրջանակներում գնահատել, դա էլ մեկ այլ հարց է։ Բոլոր դեպքերում, այսօր վաղաժամ է նման խնդիրների մասին մտածելը, որովհետև կարիք կա ընդհանուր մթնոլորտը, ամբողջ քաղաքականությունը, կառավարման մեթոդները փոխելու։
– Վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր՝ շուրջ 3.2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով։ Նման ծրագրերի հավաքագրումները որքանո՞վ են արդյունավետ, արդյոք հնարավո՞ր է այդ կերպ ներդրողներ ներգրավել։
– Ես զգուշավորությամբ եմ նայում հնչեցված գնահատականներին, որ դրանք ուսումնասիրվել են և իսկապես գործող ծրագրեր են, որովհետև կարող է նորից մի «խելացի» ծրագիր գրեն, որը զուտ ներկայացնելու առումով թվում է, թե շատ օգտակար է, բայց այդպես էլ իրականություն չդառնա։ Դրա լավագույն օրինակը՝ շատ ծեծված «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու նախագիծն է։ Եթե դա հիմա մեզ ներկայացնեին, պետք է ասեին, թե շատ լավ հաշվարկված ներդրումային ծրագիր է, արժի X մլրդ, և բոլոր բաղադրիչներով բավարարում է այն չափանիշներին, որ մենք դնում ենք ներդրումներ ներգրավելու համար, ու դրանով հանդերձ՝ դիմում ենք բոլորին, թե՝ եկեք-մասնակցեք։
Այժմ նույնիսկ ասում են, որ «Հյուսիս-Հարավի» առանձին հատվածներ պետք է վճարովի դարձնեն և դրանով փորձեն մասնավոր հատվածից գործարարների ընդգրկել այդ ծրագրի մեջ։ Ես ծանոթացել եմ այս տարվա 5 արդյունաբերական ծրագրերի, որոնցից մեկը հանքարդյունաբերությունում՝ 1100 աշխատատեղ և 200 մլն դոլարանոց ծրագիր է, որը, իմ կարծիքով՝ ընդհանրապես պետք չէր թույլ տալ։
Եթե նման ծրագրեր են, ես վախենում եմ դրանցից, որովհետև այսօր հանքարդյունաբերության ոլորտում նման ծրագրեր իրականացնելը, առանց հաշվի առնելու երկրի բնապահպանական լրջագույն խնդիրները, դա ինձ համար ծրագիր չէ, ընդհակառակը՝ երկիրը կործանող քայլ է։
Բացվող աշխատատեղերի մասին խոսում էին նաև 2-3 տարի առաջ, ծրագրերից մեկը մինչև 2025 թ.-ն էր, որը մասնագիտական առումով անթերի էր, գրված էր՝ կբացվի թեթև արդյունաբերության ոլորտում այսքան ձեռնարկություն, այսքան աշխատատեղ, այսքան գումար կներդրվի, նույնը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, և այլն։ Բայց ես չգիտեմ, թե դրանք ինչքանով իրականություն կդառնան։ Այս տարի ասում են՝ 800 մլն դոլարի ներդրում կլինի։ Այդ ամենին, մեղմ ասած, թերահավատ եմ, չեմ ուզում ավելի խիստ գնահատական տալ։
– Նման հայտարարությունները զուտ տնտեսակա՞ն բնույթի են, թե՞ ընտրություններից առաջ քաղաքական նպատակ են հետապնդում։
– Ոչ, միանշանակ քաղաքական են։ Եվ ես հենց դրանով եմ բացատրում, որովհետև այն, ինչ կատարվում է, այդ ենթատեքստով է կատարվում։ Դրան կարող եք ավելացնել նաև այս կառավարության ընդունած որոշումը՝ մարզերի զարգացմանը 10.5 մլրդ դրամ հատկացնելու մասին։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ բյուջեի կամ միջնաժամկետ ծրագրերի կազմման ժամանակ մարզերի զարգացման համար անհրաժեշտ գումարը հատկացվում է, և հիմա նորից ընտրություններից առաջ հիշեցնում են։
Բայց մի խնդիր կա. այս ոճը, մեթոդն արդյունավետ չէ, դրան մենք սովոր ենք, շատ ենք լսել, տեսել ենք, որ դրանք ընդամենը խոսքեր են։ Եվ հիմա ավելի վարկաբեկվելու են այն մարդիկ, որոնք խոստումներ են տալիս, նման ծրագրերի մասին են խոսում, բայց դրանք իրականություն չեն դառնում։ Ես շատ կուզեի, որ իրականություն դառնան, բայց ես չեմ տեսնում երկրում այն ներդրումային դաշտի անհրաժեշտ պայմանները, որն իսկապես կնպաստի նան ներդրումների իրականացմանը։
Նշածս զարգացման այդ ծրագիրը՝ մինչև 2025 թ., դեռ Տիգրան Սարգսյանի ժամանակ էր ընդունվել, բավականին գրագետ, հավասարակշռված էր, հաշվի էր առնվել իրականությունը, բայց պարզվեց, որ դրանք էլ չկարողացան անել, որովհետև իրական կյանքում փոփոխությունները շատ-շատ էին, այդ թվում՝ պետական պարտքը, վերջին տարիների տնտեսական անհաջողությունները, բյուջեի եկամուտների տարեկան մոտ 80 մլրդ թերհավաքագրումները, բյուջեի ահռելի դեֆիցիտը։
Եվ, իհարկե, քաղաքական առումով նաև այն իրավիճակում, որում մենք շարունակում ենք մնալ, որտեղ չկա ո՛չ գործարարությամբ զբաղվելու, ո՛չ ժողովրդավարական առումով ազատություն, իսկ այսօր համաշխարհային մակարդակով ներդրումային գրավչության խնդրում կարևորը, եթե դա չի վերաբերում գազի ու նավթի ոլորտներին, իմ նշած չափորոշիչներն են, և ամենակարևորը՝ վստահությունը, որ սեփականությունդ պաշտպանված է, առանց որոնց ոչ մի տեղ ներդրում չի լինում։