Բաժիններ՝

Որքան արժե Ծաղկաձորում կեցության 1 օրը և ովքեր են այցելում

Ծաղկաձոր քաղաքը ձմեռային սեզոնին արդեն ընդունել է 120 հազար այցելու: Այցելուները թե Հայաստանի բնակիչներ են, թե աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ծաղկաձորի փոխքաղաքապետ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այցելուների այս տվյալները գերազանցում են նախորդ ձմեռային սեզոնին գրանցված ցուցանիշները:

«Նախորդ ձմեռային սեզոնի համեմատ, այս տարի այցելուների թիվը մոտավոր 1000-1200-ով ավելին է: Պահանջարկը բավական մեծ է: Ծաղկաձորը միշտ պահանջված է: Մեզ մոտ հիմնական այցելուները հետխորհրդային երկրներից են` Ռուսաստանից, Բելառուսից և այլ պետություններից: Բավական հաճախ են գալիս Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններից»,-ասաց Գարիկ Հայրապետյանը:

Փոխքաղաքապետը նկատեց, որ ձմեռային տուրիզմի համար Ծաղկաձորում բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները կան` ճոպանուղի, սահքուղիներ: Դե իսկ առատ ձյունն էլ անպակաս է: Գարիկ Հայրապետյանի խոսքով, Ծաղկաձոր գալ ցանկացողների թիվը շատ է, պարզապես քաղաքի հյուրանոցային տնտեսություններն առայժմ այդքան հնարավորություն չունեն: Քաղաքում գործում են 42 հյուրանոցներ և հյուրատներ: Ներկայում քաղաքի հյուրանոցային տնտեսությունն ունի մոտ 5200 մահճակալ: Ի դեպ, վերջին մի քանի տարիներին սկսել է զարգանալ հյուրատների մշակույթը: Ծաղկաձորում կեցության 1 օրվա արժեքը սկսվում է 5 հազար դրամից, հասնում 80 հազարի: Այսինքն՝ յուրաքանչյուր այցելուի համար Ծաղկաձորն առաջարկ ունի:

«Պահանջարկից ելնելով` Ծաղկաձորում հյուրանոցների և հյուրատների ավելացման անհրաժեշտություն կա: Կառավարությունը զբոսաշրջության քաղաքականության համատեքստում նախատեսում է ներդրումային միջոցներ ուղղորդել դեպի Ծաղկաձոր: Մենք արդեն մի քանի ուղղություններով ծրարգրեր ներկայացրել ենք»,-ասաց փոխքաղաքապետը: Դրանք կապված են քաղաքի ենթակառուցվածքների, հյուրանոցային տնտեսությունների բարելավման, զբոսաշրջիկների զբաղվածությունն ապահովելու հետ:

Փոխքաղաքապետը նշեց, որ հյուրանոցների սեփականատերերը շարունակում են նոր մասնաշենքեր կառուցել, ընդլայնվել, որպեսզի ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունեն: Այդ գործընթացը որևէ տարի կանգ չի առնում: Հյուրանոցների ավելացմամբ ու ընդլայնմամբ էլ ավելանում է նաև նոր աշխատատեղերի թիվը: Աշխատողներ ներգրավվում են տեղից և հարևան համայնքներից: Փոխքաղաքապետը նկատեց, որ այսօր Ծաղկաձորում հարևան համայնքներից մոտ 1000 աշխատող կա:

Ծաղկաձորի քաղաքապետարանը չի բավարարվում եղած ցուցանիշով, աշխատանքներ է տանում թե տեղական, թե արտասահմանյան տուրօպերատորների հետ: Ապահովվում է նաև մասնակցություն զբոսաշրջային ցուցահանդեսներին` Ծաղկաձորը ներկայացնելով որպես դահուկային քաղաք` իր սարերի գրավչությամբ:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 1-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ Կոտայքի մարզ: Ծաղկաձոր քաղաքում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի, համայնքների ղեկավարների և գործարարների հետ կառավարության ղեկավարը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: Ծաղկաձորի քաղաքապետը ներկայացրել է համայնքի զարգացման ծրագիրը, որի նպատակը զբոսաշրջության ու հյուրանոցային բիզնեսի խթանումն է: Նա տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում նախատեսվում է Ասիական զարգացման բանկի կողմից 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որի արդյունքում Ծաղկաձորում կստեղծվի ժամանցի կենտրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս