Վրաստանի վարչապետը կմեկնի Բեռլին՝ տեսակցելու Համայն Վրաց պատրիարքին
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվլինին հայտարարել է, որ պատրաստվում է անձամբ այցելել Բեռլինում գտնվող Համայն Վրաց պատրիարք Իլյա Երկրորդին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
Նրա խոսքով՝ «գործը վերցվել է իր անձնական հսկողության ներքո»։
Ինչպես ասվում է Կվիրիկաշվիլիի հայտարարության մեջ, ինքը պատրաստվում է նախատեսվածից շուտ մեկնել Գերմանիա՝ մինչ Մյունխենի Անվտանգության գագաթաժողովը՝ Իլյա Երկրորդին տեսակցելու նպատակով։
«Առաջին իսկ պահից, հենց իրավապահները ինձ հայտնեցին, այդ գործը, բնականաբար, վերցվել է իմ անձնական հսկողության ներքո, և գործնականում ես անդադար տեղեկություն էի ստանում։
Ելնելով ստեղծված անսովոր իրավիճակից՝ Բեռլին եմ ուղարկել իմ անձնական պահպանության անդամներին, որպեսզի տեղում ուժեղացվեն անվտանգության միջոցառումները։
Շատ կարևոր է հետաքննությունը պրոֆեսիոնալ կերպով հասցնել իր ավարտին։ Գլխավորը, բժիշկների հայտարարությամբ, վիրահատությունը լավ է անցել, ու պատրիարքը իրեն լավ է զգում»,- հայտարարել է Կվիրկաշվիլին։
Նրա խոսքով՝ խափանվել է Վրաստանի դեմ հանցագործությունը, ինչի համար ինքը շնորհակալ է իրավապահներին։
Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ Իլյա Երկրորդի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է Վրաստանի պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավար, սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրեն հայր Գեորգի Մամալաձեն։
Հետաքննությունն սկսվել է 2017թ. փետրվարի 2-ին քաղաքացիներից մեկի հայտարարության հիման վրա, որը դիմել էր Վրաստանի դատախազություն և հայտնել, որ իր ծանոթ հայր Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն կյանքի համար վտանգավոր ցիանիդ նյութի որոնման հարցում, որը պետք էր բարձրաստիճան հոգևորականի սպանության համար։
Վրացի պատրիարքը Բեռլին էր ուղևորվել բուժման նպատակով փետրվարի 2-ին։ Երեկ նա ենթարկվել է միզապարկի վիրահատության։