Apple-ի ղեկավարը հորդորել է պայքարել կեղծ տեղեկատվության դեմ
Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկը կեղծ նորությունները համարել է համաշխարհային կարևորագույն խնդիրներից մեկը և աշխարհի բոլոր երկրների կառավարություններին կոչ է արել միավորվել խոշորագույն կորպորացիաների հետ՝ կեղծ տեղեկատվության դեմ արդյունավետորեն պայքարելու համար: Այս մասին նա պատմել է The Telegraph-ում հրապարակված հարցազրույցում:
Քուկի խոսքով՝ կեղծ նորությունների համաճարակը վիթխարի վտանգ է թաքցնում իր մեջ, չէ որ այն «սպանում է մարդկանց գիտակցությունը» և պահանջում է կոշտ միջոցների գործադրում իշխանությունների և խոշոր տեխնոլոգիական կորպորացիաների կողմից: «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ հաղթում է նա, ով ընկնում է քլիքների քանակի, այլ ոչ թե ճշմարտության հետևից»,- հայտարարել է նա:
Apple-ի ղեկավարը հավելել է, որ կեղծ տեղեկատվության դեմ պայքարելու համար բոլոր երկրների կառավարությունները պետք է համատեղ ստեղծեն պաշտպանության հատուկ միջոցներ: «Մենք պետք է փորձենք արմատախիլ անել կեղծ նորությունները՝ ըստ որում չչոքելով ազատության և մամուլի բկին»,- նշել է Քուկը: Նրա կարծիքով՝ այդ մոտեցումը կօգնի «հուսալի և ճշմարտացի զանգվածային լրատվամիջոցների» հաղթելուն: «Կեղծ նորությունների ժողովրդայնությունը կարճաժամկետ երեւույթ է: Ես չեմ հավատում, որ մարդիկ իրոք դրանց տարածում են ցանկանում»,- եզրափակել է նա: