
«Իմ և իմ ավագ ընկերոջ մեջ թող ոչ մեկ սեպ չխրի». Բագրատյանն ու Քոքոբելյանը որոշում են ցուցակի առաջին համարին

Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ, մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը հայտարարել էր, որ «Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, իսկ Հրանտ Բագրատյանի հետ կապված բոլոր հարցերին կպատասխանեն երեկոյան վարչության ընդլայնված նիստից հետո:
168.am-ը քիչ առաջ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց` ճի՞շտ է, որ ցուցակը գլխավորելու է Խ.Քոքոբելյանը:
«Նման բան չկա»,- պատասխանեց Բագրատյանը և, նշելով, որ հենց հիմա Քոքոբելյանն իր կողքին է, խոսափողը փոխանցեց նրան:
«Մեր մամուլի խոսնակը հայտարարել է, որ այսօր վարչության նիստ կլինի և ընդհանուր որոշում կլինի: Եվ ես պաշտոնապես ձեզ ասում եմ, որ դա կլինի մեր և «Ազատություն» կուսակցության ընդհանուր որոշումը: Իսկ ընդհանուր որոշումների մասին վաղը կեսօրից հետո մենք կհայտարարենք»,- ասաց Խ.Քոքոբելյանը:
Հարցին, թե ո՞վ է լինելու ցուցակի առաջին համարը, այդ հարցն արդեն որոշվե՞լ է, Խ.Քոքոբելյանը կրկնեց, որ այդ մասին ևս վաղը հստակ կհայտարարեն:
«Իմ և իմ ավագ ընկերոջ մեջ թող ոչ մեկ սեպ չխրի»,- հավելեց Խ.Քոքոբելյանը: