Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են հանքարդյունաբերական 4 ընկերություններ
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող 4 ընկերություն հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկում: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այդ ընկերություններն են «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»: Այս 4 ընկերությունները միասին պետական բյուջե են վճարել 23 մլրդ 69 մլն 19.77 հազար ՀՀ դրամ հարկային գումար:
ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2016 թվականի ընթացքում վերը նշված հանքարդյունաբերական ընկերություններից առավել շատ հարկեր վճարել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ շուրջ 9 մլրդ 377 մլն 7.95 հազար ՀՀ դրամ: Վճարված հարկերի և պետական տուրքերի ցուցանիշով ընկերությունը հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկատուների ընդհանուր ցանկի 13-րդ տեղում: 2015 թվականին այս ընկերությունը 28-րդ տեղում էր` 3 մլրդ 861 մլն 801.72 հազար ՀՀ դրամ հարկային վճարով:
Հանքարդյունաբերության ոլորտում գործող մյուս խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը վճարել է 9 մլրդ 121 մլն 578.97 հազար ՀՀ դրամ հարկ, հայտնվել է մեր երկրի 100 խոշոր հարկ վճարողների ցանկի 16-րդ հորիզոնականում: 2015 թվականին այս ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2-րդն էր` վճարված 27 մլրդ 505 մլն 901.58 դրամ հարկով:
«Կապանի լեռնահարստացման կոմբինատը» հայտնվել է 38-րդ տեղում` մեկ տարվա ընթացքում վճարված 3 մլրդ 213 մլն 108.44 հազար ՀՀ դրամ հարկային գումարով:
89-րդ հորիզոնականում է հայտնվել «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը վճարել է 1 մլրդ 449 մլն 324.41 հազար ՀՀ դրամ հարկ: 2015 թվականին այս ընկերությունը 44-րդ տեղում էր` վճարված 2 մլրդ 935 մլն 352.55 դրամ հարկային գումարով: