«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և ինձ շատ բան է միավորում». Վարդան Օսկանյան
«Այսօր պատմական օր է Հայաստանի Հանրապետության արդի պատմության մեջ»,- հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու ժամանակ:
Ր. Հովհաննիսյանի խոսքով՝ ռազմական գործիչ, գեներալ, պետական մեծ ավանդ ունեցող հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը և «Ժառանգությունը», ինչպես նաև այլ կազմակերպություններ, քաղաքացիներ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերն այնքան բարձր է, որ պետք է իրար միանան:
«Այսօր մենք մեկնարկն ենք տալիս նոր որակի, խարիզմայի, ղեկավարության շարժման: «Ժառանգությունն» ամեն ինչ պետք է անի, որ այդ պայքարը՝ հանուն Հայաստանի քաղաքացու, հանուն մեր ազատության և ինքնիշխանության, պսակվի հաջողությամբ: Մենք ասում ենք՝ «այո» Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի տարածքային ամբողջականությանը, և ասում ենք՝ «այո» հայ զինվորին, որ այսօր կանգնած է մեր սահմանի վրա: Այս ապօրինի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանը:
«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը նշեց, որ 100 տոկոսով համաձայն է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին և ինձ շատ բան է միավորում և՛ անցյալում, և՛ այսօր: Երեքս էլ եղել ենք Արցախի և Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում: Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, ես և Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիվանագիտական: Այս տարիների ընթացքում յուրաքանչյուրս մեր ներդրումն ենք ունեցել Հայաստանի պետականության կայացման գործում»,- հայտարարեց Վ. Օսկանյանը:
Նա նշեց, որ իրենք, թողնելով իրենց բարեկեցիկ կյանքն արտերկրում, եկել են հայրենիք մեծ հույսերով, իղձերով, որ կարողանան ստեղծել իրենց ապագա սերունդների համար հանգիստ, անկախ և բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ և ապրել. «Այս ճանապարհը բավական քարքարոտ է եղել, արդեն 25 տարի անցել է այդ օրերից, ու, բնականաբար, այն, որ մենք ցանկացել ենք, դեռևս շատ հեռու է իրականություն լինելուց: Սա այն հազվագյուտ առիթներից մեկն է երկրում՝ իրավիճակ փոխելու: Այսօր Հայաստանի զարգացման, բարգավաճման, կայունության, անվտանգության ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են, սա արդեն ապացուցվել է: Մենք իսկապես կանգնած ենք մի պատմական պահի առաջ, երբ զգում ենք այդ պատասխանատվությունը՝ միասին կարողանալու երկրում իրավիճակ փոխելու»:
Սեյրան Օհանյանն էլ նշեց, որ իրենց նպատակը Հայաստանի զարգացումն ապահովելն ու անվտանգության մակարդակի բարձրացումն է լինելու. «Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարևոր ընտրություններ, որտեղ ձևավորվելու է ՀՀ-ի ողջ իշխանությունը: Ազգային երաշխիքների ձևավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը, գյուղացին, ուսուցիչը, բժիշկը: Հիմքում լինելու է նաև տնտեսության զարգացումը, որի ուղղությամբ մենք ազատականացման միջոցառումներ պետք է ձեռնարկենք: Երկար տարիներ լինելով հայկական զինուժի ղեկավարության գլխավերևում` ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել զինված ուժերում եղած խնդիրներին լուծում տալու ուղղությամբ: Զգալով այն բոլոր խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն բանակում` մենք եկել ենք այն եզրակացության, որ այսօր անհրաժեշտ է թիկունք բանակի համար, իսկ բանակի համար թիկունքը մեր երկրի գործունեությունն է բոլոր ոլորտներում, որտեղ զինվորը զգում է բոլոր հնարավորությունները և կարողությունները, և կիրառում դրանք առաջնագծում ծառայելու համար»:
Նա նաև նշեց, որ իրենք փորձելու են վերացնել իշխանությունների և ժողովրդի միջև եղած անջրպետը. «Առաջընթացի համար մենք պետք է տեսնենք նաև այն դրականը, որը հենք և համապատասխան բնագիծ պետք է հանդիսանա՝ դրանցից շարժվելու դեպի առաջ: Հերիք է՝ մենք հանդուրժենք բոլոր այն բացթողումները, որոնք գոյություն ունեն, և անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք մեր ապագայի համար»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: