Եվրամիության ո՞ր երկրներում են ամենացածր նվազագույն աշխատավարձերը

Եվրամիությունում ամենացածր նվազագույն աշխատավարձերն այս տարվա սկզբի դրությամբ գրանցվել են Բուլղարիայում եւ Ռումինիայում՝ համապատասխանաբար ամսական 235 եվրո եւ 275 եվրո: Այդ մասին հայտնել է Եվրոպական վիճակագրական գործակալությունը՝ «Եվրոստատ»-ը:

Մյուս կողմից՝ ամենաբարձր նվազագույն աշխատավարձը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ ամսական գրեթե 2 հազար եվրո, իսկ Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում եւ Նիդեռլանդներում՝ շուրջ 1,5 հազար եվրո:

2008 թվականի համեմատությամբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է ԵՄ-ի բոլոր մասնակից երկրներում, բացի Հունաստանից, որտեղ այն կրճատվել է 14 տոկոսով, նշում է «Եվրոստատ»-ը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են՝ Ավստրիան, Դանիան, Իտալիան, Կիպրոսը, Ֆինլանդիան եւ Շվեդիան, պարզապես նվազագույն աշխատավարձ հասկացություն չկա:

Ինչպես նշում է Ռումինիայի ռադիոն, ռումինացիներն առավել շատ փող են ծախսում սննդի վրա՝ ամսական աշխատավարձի 28 տոկոսը, ինչը գրեթե եռակի ավելի է միջին եվրոպական մակարդակից: Այդ ցուցանիշով Ռումինիան առաջին տեղն է զբաղեցնում ԵՄ-ում:

Ոգելից խմիչքների եւ ծխախոտի արտադրանքի վրա ռումինացիները ծախսում են աշխատավարձի 5,7 տոկոսը, ինչը նույնպես գերազանցում Է միջին եվրոպական ցուցանիշը, որը կազմում է 4 տոկոս: Այդ առումով վարկանիշը գլխավորում են էստոնացիները՝ 8,8 տոկոս:

Փոխարենը հագուստի եւ կոշիկի վրա արված ծախսերով Ռումինիան եվրոպական վարկանիշում գրավում է վերջին տեղը՝ ընդամենը 3,4 տոկոս՝ միջին եվրոպական 5 տոկոսի դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս