Ալեն Սիմոնյանն ընտրություններում իրեն մրցակից է համարում Նիկոլ Փաշինյանին

«Մեր ցուցակի առաջին եռյակը, ամենայն հավանականությամբ, վաղը կորոշվի ԶԼՄ-ների ներկայությամբ. դուք ներկա կգտնվեք և կտեսնեք, թե ինչպես է որոշվելու՝ ով է գլխավորելու մեր դաշինքի ցուցակը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ իրենց մոտ առաջին օրվանից մինչ այսօր ամեն ինչ նորմալ է ընթացել.

«Մի բացթողում ունենք, որ չկարողացանք ու չգտանք ոչ մի թաղային հեղինակություն և որևէ քրեական անցյալ ունեցող անձ, որ ներառենք ցուցակի մեջ: Հանրության այդ շերտը բաց ենք թողել: Ու ցավալի է, որ 20 տարի ղեկավարելուց հետո՝ ՀՀԿ-ն ընդունում է, որ մի ստվար զանգված ՀՀ-ում ներկայացնում է քրեական անցյալ ունեցող մարդկանց և թաղային հեղինակությունների: Այո, այդ խավը կա, բայց 20 տարին կարելի էր օգտագործել՝ այդ խավը փոքրացնելու և ստիպված չլինելու այդ խավն Ազգային ժողով տանելու»:

Հիշեցնենք, որ ասուլիսին ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, խոսելով իրենց ռեյտինգային ցուցակներում եղած՝ հայտնի պատմություններով անձանց մասին, ասել էր, որ տարածքային ցուցակները պարտադիր չէ, որ լինեն կազմված միայն քաղաքական դեմքերից, այդ ցուցակները պետք է ներկայացնեն հանրության բոլոր շերտերը:

Կարդացեք նաև

Ա. Սիմոնյանը նշեց, որ ինքը հաստատապես առաջադրվելու է Կենտրոն վարչական շրջանում: Նա նաև չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես այնտեղ կառաջադրվի:

Հարցին, թե՝ ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում՝ Ա. Սիմոնյանը պատասխանեց՝ Նիկոլ Փաշինյանին: Ա. Սիմոնյանը նաև  նշեց, որ Մալաթիա-Սեբաստիայում իրենք գերհագեցած ցուցակ ունեն, Արայիկ Հարությունյանը և այլք են այնտեղ առաջադրվելու:

Տեսանյութեր

Լրահոս