Բաժիններ՝

Universal ընկերությունը Փրինսի երգերի հրատարակման իրավունք է ստացել

Ձայնագրման խոշորագույն համաշխարհային լեյբլներից մեկի՝ Universal-ի ներկայացուցիչները հայտնել են, որ իրենց հաջողվել է համաձայնության հասնել անցյալ տարվա ապրիլին վախճանված ամերիկացի երաժիշտ Փրինսի արխիվի զգալի մասի հրատարակման շուրջ, տեղեկացնում էBBC-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Billboard-ը, Փրինսի արխիվը հրատարակելու իրավունքի համար պայքարում են երեք լեյբլներ՝ Universal Music Group-ը, Sony Music Entertainment-ը եւ Warner Music Group-ը:

Հաղորդվում է, որ Universal-ը երգչի մի շարք նշանավոր ալբոմների հրատարակման իրավունք է ստացել, որոնք թողարկվել են երաժշտի համար առավել արգասաբեր ժամանակաշրջանում՝ 1979-ից մինչեւ 119 թվականը:

Նաեւ Universal-ը Փրինսի 25 ալբոմների հրատարակման իրավունք է ստացել, որոնք 1990-ական թվականների կեսերից հրատարակվել են ձայնագրման իր սեփական լեյբլի՝ NPG Records-ի կողմից:

Ընդ որում, Universal-ը հասել է երաժշտի չհրատարակված կոմպոզիցիաների թողարկման իրավունքին, որոնք պահվում են Մինեսոտայի նահանգում նրա արխիվում:
Գործարքի գումարը չի հրապարակվում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Bremer Trust ընկերության աշխատակիցները, որը Փրինսի ունեցվածքի տնօրինողն է, հայտնաբերել են արխիվ, որտեղ պահվում է երգչի ավելի քան 2 հազար չհրատարակված ձայնագրություններ:

Փրինսը վախճանվել է անցյալ տարվա ապրիլին 57 տարեկան հասակում: Նշվել է, որ նրա մահվան պատճառ կարող Էր դառնալ դեղորայքային պատրաստուկների գերդոզավորումը:

Փրինս Ռոջել Նելսոնը համաշխարհային ճանաչում է ստացել 1982 թվականին իր «1999» ալբոմի թողարկումից հետո: Երկու տարի անց՝ 1984 թվականին նա թողարկեց իր ամենահայտնի ալբոմը՝ Purple Rain-ը: Երբ երգիչը գտնվում էր փառքի գագաթնակետին, համարվում էր, որ ԱՄՆ-ում իր ժողովրդականությամբ նա զիջում է միայն Մայքլ Ջեքսոնին:

Նա բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Օսկար»-ի, «Գրեմմի»-ի եւ «Ոսկե Գլոբուս»-ի դափնեկիր էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս