Բաժիններ՝

Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ 20 ժամկետային զինծառայող պարգևատրվեց և խրախուսվեց արձակուրդով

Սահմանային գծում ծառայություն իրականացնող լավագույն 20 զինծառայողներ պարգևատրվեցին մրցանակներով և խրախուսվեցին 10-օրյա արձակուրդով:

Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում հրավիրված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարա Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, բարձրաստիճան զինվորականներ, ժամկետային զինծառայողներ` իրենց ծնողների հետ:

Զինծառայողները Սուրբ Սարգսի տոնի շրջանակներում Արարատյան Հայրապետական թեմի կողմից պարգևատրվեցին Սուրբ Սարգիս զորավարի խորհրդանշական խաչերով ու տոնի հուշանվերներով:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ընդգծեց, որ հայրենիքի անկախությունը հայ ժողովրդի համար մեծագույն պարգև է, բայց առավել քան պատվաբեր է այն պահպանելու, զորացնելու կամքը և նվիրումը: «Այսօր մեզ հետ են հայրենիքի անկախությունն ու արժանապատվությունը սահմանին պահող հայոց բանակի 20 զինվորականներ` խրախուսվելու և գնահատվելու համար: Մեր` հայերիս միությունը մեզ համար գոյաբանական իմաստ ունի: Բանակը մեր մարմինն է: Եթե այն առողջ է ներքնապես, ապա արտաքին մարտահրավերները հաղթահարե ի են: Մեր նահատակված զինվորների հիշատակն ազգ-բանակ միասնության գրավականն է, ներդաշնակության խթանն ու ուժը: Երկնաբնակ մեր զինվոր նահատակները հորդոր և գոյության կոչ ունեն ամենքիս: Այն նման է մի անլռելի զանգակատան, որն ամենուրեք է: Այն մեր սրտերում է, մեր ոգիներում է, մեր էության մեջ: Նրանք մեզ ասում են` չլինի թե մեր մահով շահածը ձեր կյանքով կորցնեք: Այդ անլռելի ձայնի կոչնակը մեզ համար դարձել է ինքնամաքրման և համախմբման միջոց»,- ընդգծեց Կճոյանը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ, ընդգծեց, որ Սուրբ Սարգիսը զորավար է եղել և այդ հանգամանքն արդեն խոսում է նրա նկարագրի մասին: «Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Ուստի ցանկանում եմ հատկապես շնորհավորել այս դահլիճում գտնվող մեր զինծառայողներին: Սիրելի զինվորներ, դուք, իհարկե, կադրային զինվորականներ չեք: Դուք ժամկետային զինծառայողներ եք և այս կյանքում ունեք տարբեր նպատակներ ու ծրագրեր: Ես վստահ եմ, որ ձեր նպա տակները իրականանալու են: Այս պահին ձեզ միավորում է հայկական բանակի զինվորի համազգեստը և մեր հայրենիքը պաշտպանելու ձեր վճռականությունը»,- ասաց ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը համոզվածություն հայտնեց, որ հայ ժողովուրդը վստահ է, որ զինվորներն անփոխարինելի աշխատանք են կատարում: Նրա խոսքով` զինվորն անում է այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ` պաշտպանելով իր ընտանիքը և հայրենիքը: «Դուք դա անում եք արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ, և մենք ուղղակի պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ծնողներին, ուսուցիչներին և հրամանատարներին: Այստեղ ներկա են զինվորներ, ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պահպանեցին մեր անկախությունը և մեր սահմանների անխ խտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրեցին այն, ինչ դուք միասին արեցիք և անմահացան: Սիրելի զինվորներ, խիզախությունը ձեզնից անբաժան պետք է լինի, քաջությունը ձեզնից անբաժան պետք է լինի, բայց մեկ անգամ ևս կրկնում եմ, որ դուք պետք է խիզախությամբ և քաջությամբ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակն ավելանա, շատանա»,- նշեց նախագահ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաև ժամկետային զինծառայող, սերժանտ Արտաշես Սահակյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրենց ծառայությունը բարձր գնահատելու համար: Զինծառայողների ծնողների անունից շնորհակալական խոսք ասաց նաև Անահիտ Ակինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս