Բեքհեմ, Ռոնալդու, հաջորդը՝ Մխիթարյան. հայ ֆուտբոլիստը կարող է լինել «Յունայթեդի» A ցուցակում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքում ֆուտբոլային վերլուծաբան Մարկ Ֆրոգաթն անդրադարձել է մանչեսթերյան ակումբի A ցուցակին և նշել, որ այնտեղ կարող է հայտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներն ունեն հնարավորություն «Օլդ Թրաֆորդում» տեսնելու մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստների խաղ, նրանց հետ հաղթել մրցանակներ և իրենց զգալ «կարմիրների» մի մասը:
Պատմական հաղթանակների և հիասթափությունների ընթացքում եղել են ֆուտբոլիստներ, ում խաղին հետևելն իսկական հաճույք է եղել: Դա եղել է մարդ, ով արդարացրել է տոմսերի բարձր արժեքը, մարդ, ով տվել է ոգեշնչում և ստիպել է ողջ խաղը նայել կանգնած: Մարդ, ով եղել է աստղ և արժանիորեն տեղ է գտել թիմի A ցուցակում»:
Ըստ Մարկ Ֆրոգաթի՝ նման ֆուտբոլիստներ մանչեսթերյան ակումբը շատ է ունեցել, և Էրիկ Կանտոնան եղել է լավագույն օրինակներից մեկը:
Դևիդ Բեքհեմ, Կրիշտիանու Ռոնալդու, Ռոբին վան Պերսի, Պոլ Սքոուլզ, Ուեյն Ռունի. այս և մի շարք այլ հայտնի անունների կողքին վերլուծաբանն առաջարկում է արդեն իսկ դնել Մխիթարյանի անունը:
Վերլուծաբանը Մխիթարյանին անվանել է բարձրակարգ ֆուտբոլիստ, ով հրաշալի գոլեր է խփում և կարողանում է հրաշալիորեն կառավարել խաղը:
«Մխիթարյանի փիլիսոփայությունն ու մոտեցումը խաղին ևս արժանի են բարձր գնահատականի: Մխիթարյանի անընդհատ առաջ գնալու ցանկությունը, որն առաջացնում է միգրեն (սակայն՝ ոչ գլխացավ) մրցակցի պաշտպանների մոտ, էլ ավելի են մեծացնում տարբեր տարիքային խմբի երկրպագուների սերը նրա նկատմամբ: Դա թարմացնում է երկրպագուների այն սերնդի հիշողությունները, ովքեր վաղուց չէին տեսել նման դրիբլինգ Ջորգ Բեսթից և Ռայան Գիգզից հետո՝ պարգևելով նաև նոստալգիա:
Այդ սիրո արդյունքում ծնվեց Սթինգի Englishman in New York երգի մոտիվներով գրված երգը Մխիթարյանի մասին: Երգեք մեկ անգամ, և այն ողջ օրը կպտտվի ձեր գլխում:
Իհարկե, դեռ վաղ է Մխիթարյանին համարել «Յունայթեդի» պատմության լավագույն ֆուտբոլիստ, բայց մեր հայ կիսապաշտպանն ամրապնդում է իր տեղը մանչեսթերյան թիմի այս մրցաշրջանի A ցուցակում»:
Սիրարփի Աղաբաբյան