«Ընդհանրապես մարդը, որ ծնվում է իր մոր որովայնից, ճնշումների տակ է». Վարդան Ղուկասյանը՝ իրեն սպասվող ճնշումների մասին

Այսօր ԲՀԿ 9-րդ համագումարին ներկա էր նաև Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ընտրեց ԲՀԿ-ն: Վ. Ղուկասյանը պատասխանեց, որ «Աստված այդպես կամեցավ»։

Հարցին՝ ԲՀԿ-ի ծրագրի ո՞ր հատվածն է Ձեզ գրավել, որ Դուք նման որոշում եք կայացրել, Վ. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Ես հիմա ռեյտինգայինով եմ առաջադրելու իմ թեկնածությունը և կուսակցական չեմ, բայց ինչ վերաբերում է ծրագրերին, շատ գեղեցիկ կուսակցության նախագահը ներկայացրեց, մոտ օրերս «Ծառուկյան» դաշինքի ծրագիրը կներկայացնեն, ու մենք բոլորս հստակ պատասխան կտանք»։

Այն հարցին էլ՝ եթե չընտրվեք պատգամավոր, ի՞նչ կանեք, Վ. Ղուկասյանը պատասխանեց, որ երկիրը չի ավերվի, ինքն էլ նույն ձևով կապրի։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե իր համար հասկանալի՞ է, թե ինչու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս դուրս եկավ ՀՀԿ-ից։ Ի պատասխան՝ Վ. Ղուկասյանն ասաց, որ ինքը երկար տարիներ աշխատել է նրա հետ. «Հարգում եմ Հովիկ Աբրահամյանին, բայց հենց վարչապետ է եղել, ո՛չ իր հետ խոսել եմ, ո՛չ զանգվել ենք, ո՛չ տեսնվել ենք»։

Հարցին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները Ձեր նկատմամբ ճնշումներ կգործադրեն՝ հաշվի առնելով, որ Դուք բազմաթիվ աղմկահարույց պատմությունների մեջ եք եղել ներգրավված, Վ. Ղուկասյանն այսպես պատասխանեց.  «Ես, ճիշտն ասած, կրիմինալ դեպքերի մեջ չեմ եղել, դա դուք եք այդպես ներկայացրել, և ձեր տերերն են ձեզ ասել, որ այդպես ներկայացնեք։ Իմ ժողովուրդն ուրիշ բան գիտի, իսկ դուք ուրիշ բան գիտեք։ Ինչ մնում է ճնշումներին, ընդհանրապես մարդը, որ ծնվում է իր մոր որովայնից, ճնշումների տակ է»։

Կարդացեք նաև

Վ. Ղուկասյանը նշեց, որ Գյումրիում ինքը բոլորին էլ մրցակից է համարում, ովքեր առաջադրել են իրենց թեկնածությունը։ Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ պետք է ժողովուրդը Ձեզ ձայն տա, Վ. Ղուկասյանը պատասխանեց, որ իր արած աշխատանքի համար. «Որը դուք չեք տեսնում, ակնոցներդ հանեք, կտեսնեք»։

Դիտարկմանը, թե՝ Դուք տարիներ շարունակ քրեական գործերի մեջ եք մեղադրվել, Վ. Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Դուք սուտ եք խոսում, ես ընդհանրապես նմանատիպ գործերի մեջ չեմ մեղադրվել, ցավոք սրտի, հենց Գյումրիում մի շուն մեքենայի տակ է ընկնում, բերում եք, կապում եք Ղուկասյան Վարդանին»։

Հարցին, թե՝ Շիրակի մարզում լարված ընտրապայքա՞ր է սպասվում, Վ. Ղուկասյանը պատասխանեց, որ դա լրագրողներն են ուզում, բայց ամեն ինչ նորմալ է անցնելու։ Ճշտող հարցին էլ, թե՝ կրակոց չի՞ հնչելու, նա  այսպես արձագանքեց. «Չեմ հավատում, որ նման բան լինի, որովհետև ի՞նչ է պատահել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս