«Արա Աբրահամյանն ու ես երկար տարիների ընկերներ ենք, բայց այս ամենի հետ նա ոչ մի կապ չունի». Արամ Գ. Սարգսյան

Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքում կենտրոնացած են ցուցակներ կազմելու վրա, ինչը հարիր չէ այսօրվա իրավիճակին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը, ով, ինչպես տեղեկացրել ենք, դուրս է եկել այդ դաշինքից:

Հիշեցնենք, որ օրերս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ էր հայտարարել, որ այդ դաշինքում «տեղերի գզվռտոց» է սկսվել, և հավելել էր, որ ԱԻՄ-ը կարող է դուրս գալ այդ դաշինքից:

Արամ Սարգսյանն ասաց, որ դաշինքից դուրս գալու որոշման մասին անձամբ է տեղյակ պահել Սեյրան Օհանյանին, քանի որ, Սարգսյանի խոսքով՝ նա է դաշինքի առաջնորդը: Իսկ թե ինչ է պատասխանել Սեյրան Օհանյանը` նա չցանկացավ նշել: Միայն ասաց, որ իրենց խորհրդի որոշումն էր դա: «Սեյրան Օհանյանի կողմնորոշումները, գաղափարները գիտեինք, նրա սկզբունքներին ծանոթ էինք, և դա է եղել հիմնական պատճառը, որ համաձայնել ենք այդպիսի համագործակցության: Հիմա, ցավոք սրտի, տարբերվեց այս ամբողջը, և դրանից ելնելով՝ մենք հանդես եկանք նման հայտարարությամբ»:

Նա նշեց, որ հաջողություն է մաղթում դաշինքի անդամներին, միաժամանակ ավելացնելով. «Եթե, իհարկե, կլինի այդ դաշինքը: Այդ դաշինքը որևէ ծրագիր չունի: Եթե ասում են՝ լավ ցուցակ են կազմելու, ես այսօր նայեցի Օսկանյանի հայտարարությունը, ուրեմն՝ իրենք են իրենց ցուցակով գնում, որովհետև մեզ հետ որևէ անգամ այդպիսի քննարկում չի եղել»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ՀԴԿ-ն շատ է կապվում Արա Աբրահամյանի անվան հետ, նա իր որոշման վրա որևէ ազդեցություն ունեցե՞լ է, նա այսպես պատասխանեց. «Արա Աբրահամյանն ու ես երկար տարիների ընկերներ ենք, բայց նա հայտարարեց, որ չի մասնակցելու քաղաքական այս գործընթացին: Դուք բոլորդ գիտեիք, որ նախորդ տարի մենք որոշել էինք միասին մասնակցել, և Ազգային միասնություն շարժումը հանուն դրա էլ ստեղծվել էր: Բայց ելնելով իր առողջական վիճակից՝ նա այդ որոշումը կայացրեց, և դրանից հետո այլևս քաղաքական խնդիրների վերաբերյալ մեր ու իր մեջ որևէ հարցադրում չկա: Եթե այդպես լիներ, մենք լրիվ այլ կարգավիճակում կգնայինք այս ընտրություններին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս