Ինչո՞վ է պայմանավորված Շվեյցարիայի՝ աշխարհի ամենահայտնի ֆինանսական կենտրոնը լինելու հանգամանքը. պարզաբանում է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը
Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն այսօր հանդիպեց լրագրողների հետ՝ քննարկելու Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, դրանց ներկա վիճակն ու զարգացման միտումները:
Գնահատելով Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները 2016 թվականին՝ դեսպան Լուկաս Գասերը նկատեց.
«2016 թվականը բազմաբովանդակ էր, լի ժողովրդի հետ կոնտակտներով, ինչպես նաև տնտեսական կապերի աշխուժացմամբ: Շվեյցարիան և Հայաստանը վիզաների դյուրացման համաձայնագիր կնքեցին, որը, անշուշտ, ամբողջությամբ չի ազատականացնում վիզային ռեժիմը, բայց կապերի դյուրացման տեսակետից նշանակալի նպաստ է բերում երկու երկրների միջև: Անցյալ տարին աշխույժ էր նաև մշակութային կապերի տեսանկյունից՝ ցուցահանդեսներ, համերգներ եղան, հայերեն թարգմանվեցին շվեյցարական գրական նմուշներից մի քանիսը, գրքերի տոնավաճառներ եղան, և այլն»:
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպման մանրամասներին՝ դեսպանն ընդգծում է.
«Անցած շաբաթվա ընթացքում ես պատիվ ունեցա առաջին անգամ հանդիպելու վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Անդրադարձանք տնտեսական հարաբերությունների մակարդակին, ներդրումներին, առևտրաշրջանառությանը, ինչպես նաև՝ նախապատվությունների ընդհանրացված համակարգին, որ Շվեյցարիան ընձեռում է Հայաստանին՝ առևտրային կապերի պարագայում: Փորձեցինք ուրվագծել նաև մոտ ապագայի համար մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունների ուղեծիրը»:
Շվեյցարիան համարվում է աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը, և այս ենթատեքստում դեսպանն անդրադարձ կատարեց նաև Հայաստան-Շվեյցարիա հարաբերություններում ֆինանսատնտեսական համագործակցության հնարավոր զարգացումներին.
«Արդեն իսկ բավական շվեյցարական նշանակալի ներդրումներ Հայաստանի ֆինանսական շուկայում տեղի են ունենում, խոսքս մասնավոր կապիտալ ներդրումների մասին է: Հաճախ, երբ խոսք է գնում տնտեսական համագործակցության մասին, ապա պետք է դիտարկել այն փաստը, որ դրա անքակտելի մաս է կազմում նաև զարգացմանը միտված ծրագրերի ներմուծումը, և այս տեսանյունից Շվեյցարիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է՝ սկսած 1988 թվականի երկրաշարժից: Այս իմաստով Հայաստանն ու Շվեյցարիան համագործակցում են, որովհետև ուղղակի ֆինանսական ներդրումներ են արվում Հայաստանում: Հայերը ծառայությունների ասպարեզում շատ հմուտ աշխատողների համբավ ունեն, խոսքը վերաբերում է նաև ֆինանսական սեկտորին»:
Դեսպան Լուկաս Գասերն անդրադառնալով աշխարհում առավել հայտնի և կայուն ֆինանսական կենտրոն լինելու հանգամանքին՝ անհրաժեշտ համարեց պարզաբանել հանգամանքի պատճառները.
«Այո, դուք ճիշտ եք, երբ համարում եք, որ Շվեյցարիան աշխարհի ֆինանսական ամենահայտնի կենտրոններից մեկն է: Դրա պատճառը շատ երկար ժամանակ մեր ունեցած պատմական կայունությունն է, ուստի մենք բոլորի կողմից դիտվում ենք՝ որպես արդյունավետ ու արժանահավատ երկիր: Հայերի համար այդպիսին լինելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Ձեր անկախության 25 տարիների ընթացքում դուք արդեն իսկ հասել եք կայունության ողջամիտ մակարդակի: Խնդիրն այստեղ աշխարհով մեկ այդպիսին ընկալվելն է: Այստեղ, իհարկե, չլուծված խնդիր է համարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որն իրենից որոշակի մարտահրավեր է ներկայացնում: Ֆինանսական սեկտորի զարգացման համար, բացի կայուն և արժանահավատ լինելուց, ամենակարևոր պայմանն է, որ քեզ նաև ընկալեն այդպիսին»: