Բաժիններ՝

«Մեր տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ նրանցը՝ ոչ…»

Ապրիլյան պատերազմի ժամանակ Ջրականում (Ջաբրայիլ) զոհված զինծառայող, հերոս տանկիստ, կապանցի Նորիկ Գասպարյանի ծննդյան օրն է: Հերոսի ծառայակից ընկերը՝ Ազատ Գալեյանը, ում հետ միասին պայքարել են հակառակորդի դեմ, ծանոթության օրվանից շատ կարճ ժամանակ անց հասկացել է՝ շատ լավ ընկերներ են լինելու:

«Նորիկին ճանաչել եմ Ջաբրայիլում ծառայած ժամանակներից: Այդ ընթացքում լինում են դեպքեր, որ ինչ-որ բանից նեղվում ես, Նորիկը նստում, զրուցում էր ինձ հետ, վերջում ժպտում էր, իրեն բնորոշ ժպիտ ուներ, որ մարդու տրամադրություն էր բարձրացնում. եթե ժպտում էր, ուրեմն ամեն ինչ լավ է: Նույն կերպ էլ ամեն խնդրին լուծում էր տալիս: Ամեն հարցում իրար աջակից էինք, միշտ միասին, պատերազմի էլ դուրս եկանք միասին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծառայակից ընկերը:

Ազատի հիշողության մեջ դեռ թարմ է ընկերոջ հետ ունեցած վերջին զրույցը. ապրիլի 1-ին մինչեւ ուշ գիշեր նստել, զրուցել էին տարբեր թեմաներից ու ապագայի ծրագրերից: «Դեռ տագնապը չէր հնչել, միասին նստած էինք: Երբ տագնապ տվեցին, մտածեցինք ուսումնական է, իսկ տանկերի մոտ դուրս գալուն պես արդեն լսեցինք հրետակոծության ձայները, հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է, տրամադրվեցինք ու շարժվեցինք դեպի դիրքեր:

Կարդացեք նաև

Մինչ դիրքեր միասին էինք, հետո հրաման ստացանք առաջ շարժվել, առաջինը իմ տանկը շարժվեց, հետո Նորիկենցը: Մեր տանկը հասցրեց անցնել, չկրակեցին, իսկ նրանցը՝ ոչ»,-պատմում է Ազատը, ով Թալինից է, զորացրվելուց հետո ուսումը վերականգնել է եւ այժմ սովորում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ինֆորմատիկայի բաժնի 3-րդ կուրսում: Նորիկի հարազատների հետ էլ կապը միշտ պահպանում է, այցելում նրանց:

Ազատի խոսքով՝ ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել իր կյանքում, հատկապես բացահայտել է իրական ընկերներին. «Ես հիմա գիտեմ՝ ովքեր են իմ կողքին. այդ դժվար ժամանակահատվածում հասկանում ես, թե ով է քո իսկական ընկերը, քո կյանքը ինչ գին ունի: Ընկերության մեջ փոխադարձ իրար աջակցելը, օգնության հասնելն ամեն ինչ է»:

Նորիկ Գասպարյանի հետ նույն տանկում եղել են հերոսներ Հայկ Գրիգորյանը եւ Վահե Զաքարյանը:

Սյուզի Մուրադյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս