ՀՔԾ-ն լրագրողին հարվածելու համար Ռուբիկ Հակոբյանի դեմ քրգործը կարճել է հանցակազմի բացակայության հիմքով
Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու հիմնավորումը: «Արմենպրես»-ին ՀՔԾ-ից տրամադրված պարզաբանման մեջ նշվում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման համաձայն` մեկ հարվածը, որը չի որակվում որպես ծեծ և, հետևաբար, քրեաիրավական պատասխանատվության չի հանգեցնում, կարող է քաղաքացիաիրավական պատասխանատվություն առաջացնել, եթե դրանով նվաստացվի անձի պատիվն ու արժանապատվությունը:
«Ուստի Ռուբիկ Հակոբյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ և 119-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերը: Նրա արարքում բացակայում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցակազմը, քանի որ քննությամբ հիմնավորվել է, որ միջադեպը կրել է զուտ անձնական բնույթ, այն կապված էր միջանձնային փոխհարաբերությունների հետ և վիճաբանության պահին Վահե Մակարյանը լրագրողական գործունեություն չի իրականացրել»,- ասված է պարզաբանման մեջ:
Ելնելով վերոգրյալից` որոշում է կայացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 119-րդ և 164-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնել և սույն քրեական գործով վարույթը կարճել՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է լրագրող Վահե Մակարյանին հարվածելու համար Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործը:
Լրագրող Վահե Մակարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց, որ ստացել է ՀՔԾ-ի որոշումը: Նա նշեց, որ համաձայն չէ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն՝ ակնկալիքով, որ կհասնի արդար լուծման:
Անցած տարվա դեկտեմբերի սկզբին Ազգային ժողովի քառօրյայի ընթացքում հերթական միջադեպն էր գրանցվել պատգամավորի և լրագրողի միջև:
Պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կոնֆլիկտի մեջ էր մտել «Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանի հետ, նրան հրավիրել էր առանձնազրույցի և հարվածել վերջինիս աչքին: