Բաժիններ՝

«Ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում, հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է լինում». Հրանուշ Խառատյան

«Մեդիա կենտրոնում»  այսօր հրավիրված քննարկմանը մասնակցում էին   ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:

Ազգային վիճակագրության ծառայության օրերս  հրապարակած տվյալները  փաստում են, որ միայն 2016 թվականի համար  արտագաղթի ծավալներում 24 հազարի բացասական սալդո է գրանցվել:

Այսօր այս մասին հայտնի դարձավ  «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով քննարկման ընթացքում, որին մասնակից բանախոսներից մեկը՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նկատեց.

«Ունենք այն, ինչ ունենք: Եթե խնդրին նայենք  խորքային իրավիճակային տեսանկյունից, ապա կտեսնենք՝ արտագաղթի տեմպերի և ծավալների հետ  կապված սկզբունքային փոփոխություններ չեն եղել, ինչ ունեինք 20-25 տարիների ընթացքում: Ես  2011 թվականի մարդահամարի արդյունքներից վերցրել եմ  տարիքային խմբերից 1-19, 19-29, 29-39, 39-49 ցուցանիշները, և, ինչպես և սպասվում էր, ունենք ժողովրդագրական լուրջ խեղումներ:  Օրինակ՝ 39-49 տարեկանների խումբը՝ 19-29 տարեկան խմբաքանակի հետ համեմատած՝  մինչև 42 տոկոսով պակաս է, որը շատ մեծ և ծանր թիվ է,  չնայած 29-39 տարիքային խմբում նույնպես զգալի պակասներ կան:

Կարդացեք նաև

Սա ցույց  է տալիս  և´ աշխատանքային, և´ մշտական միգրացիայի պատկերը մեր երկրում՝ առավելապես կենսափորձով, կայուն, հավասարակշիռ, հմտություն, գիտելիքներ, կամք, քաջություն ունեցող մարդկանց որակական պակասի մասին: Ես տեսնում եմ՝ ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում, որը նշանակում է՝ ընտրությունից ընտրություն, հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է լինում: Հաճախ մարդիկ ասում են, որ աշխատանքի բացակայությունից են գնում, բայց խորացված զրույցը ցույց է տալիս, որ մարդիկ ավելի շատ փախչում են անհուսությունից, և հատկապես, եթե հեռանկարում նաև ընտանիքի տեղափոխումն է, իրավունքի սելեկտիվ կիրառումից»:

Հրանուշ Խառատյանը կոչ է անում դիտարկել տարածքային ժողովրդագրական պատկերը, միայն բնակեցումը.

«Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերը և Երևան քաղաքը միասին Հայաստանի աշխարհագրական 20 տոկոս տարածքն են զբաղեցնում: Այս տարածքում ապրում է ՀՀ բնակչության 60 տոկոսը, Երևանը ես դեռ առանձնացնում եմ: Զանգեզուրի մարզում, որ նույնպես մեծ տարածք է զբաղեցնում,  վերջին մարդահամարի արդյունքներով՝ ընդամենը 139.000 մարդ է բնակվում, եթե, իհարկե, հավատում ենք մարդահամարի տվյալներին»:

Անդրադառնալով 2016 թվականին գրանցված ցնցումային իրադարձությունների՝ ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման և դրան հաջորդած զարգացումների ֆոնին արտագաղթի ծավալների հարաբերակցությանը, ազգագրագետը նկատում է. «Ես կարծում եմ՝ ՊՊԾ գնդի գրավումը պետք է կասեցներ իմ պատկերացրած արտագաղթի մոտիվացիաները: Թեև իմ ունեցած նյութերը սուբյեկտիվ են, այնուամենայնիվ, ես խորապես վստահ եմ՝ պատերազմի վտանգև և նույնիսկ պատերազմի առկայությունն ինքնին արտագաղթի ուղղակի  առիթ և պատճառ չեն դառնում:

Ասեմ ավելին՝ իմ ձեռքի տակ ունեցած նյութերում անցյալ տարվա սահմանադրական ընտրության ընթացքը, արդյունքների ներկայացումը և այն ձևերը, ինչ կերպ, ի վերջո, այն անցկացվեց, նույնիսկ դատական պրոցեսների սելեկտիվությունը սրա առնչությամբ փաստարկներ են դառնում ասելու, որ որևէ դրական բան անիմաստ է, անհնար է և չկա: Հետևաբար՝ քննարկման նյութ է ոչ թե՝ պատերազմն ինքնին, այլ հարցը՝ իսկ ի՞նչ պետք է անեն իմ երեխաներն այս երկրում, ի՞նչ հեռանկար է նրանց սպասվում»:

Հրանուշ Խառատյանն ընդգծում է՝ երկրից տևական ժամանակով բացակայում է մարդկանց այն խումբը, որը վճռորոշ դեր և մասնակցություն  կարող է ունենալ  մեր երկրի ընդհանուր զարգացումներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս