«Հովիկ Աբրահամյանի տեղը ՀՀԿ-ում թափուր չի մնա». Սամվել Նիկոյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ին չի անհանգստացնում կուսակցությունից մի խումբ անձանց հեռանալը: Լրագրողների հետ զրույցում Նիկոյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի թուլանալու մասին խոսք լինել չի կարող:

«Կարող եմ ասել, որ հակառակն է՝ կուսակցությունում տեղի ունեցող իրադարձությունները միտված են առողջացմանն ու ուժեղացմանը»,- ասաց Նիկոյանը:

Նա նկատեց, որ մատերի վրա կարելի է հաշվել ՀՀԿ-ն լքած գործիչներին, մինչդեռ վերջին ամիսներին կուսակցությանն անդամակցել է 11 հազար մարդ: Դիտարկմանը, թե կուսակցությունը լքելու որոշում են կայացրել առանցքային դեմքեր, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանը և Կարինե Պողոսյանը, Նիկոյանն ասաց. «Առանցքային դեմք չեն ծնվում, դառնում են: Տարբեր ժամանակներ Հանրապետական կուսակցության մեջ առանցքային դեմքերը եղել են տարբեր մարդիկ, իսկ հիմա կլինեն այլ մարդիկ, այնպես որ՝ առանցքային դեմքերի այդ տեղը թափուր չի մնա»:

Սամվել Նիկոյանը ռեյտինգային համակարգից վտանգներ չի տեսնում, ըստ նրա, առավելություն է միմյանց միջև ընթացող մրցակցությունը: «Յուրաքանչյուր կուսակցություն, ինչպես նաև մեր կուսակցությունը ընտրատարածքներում մինչև 15 մարդ կարող է առաջադրել, և հանրությունը կունենա ընտրելու լայն հնարավորություն: Մինչև հիմա մեղադրում էին որոշ կուսակցությունների, այդ թվում նաև մեզ, որ գործարարներ ու օլիգարխներ ենք առաջադրում: Հիմա խնդրեմ՝ յուրաքանչյուր ընտրատեղամասում կուսակցությունը առաջադրում է և՛ գիտնական, և՛ արվեստի մարդ, և՛ սպորտի մարդ, և՛ մշակույթի մարդ»,- նշեց պատգամավորը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս