Բաժիններ՝

Պոլսահայ ոսկերչին սպանած հայերը Ստամբուլում ցմահ ազատազրկման են դատապարտվել

Ստամբուլի Շիշլի թաղամասում 85-ամյա պոլսահայ ոսկերիչ Հակոբ Դեմիրջիին սպանելու և նրա տունը կողոպտելու մեջ մեղադրվող երեք կասկածյալները դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 7-րդ դատարանում կայացած դատական նիստին մասնակցել են կալանավորված կասկածյալներ Արամ Հովհաննիսյանը, Արթուր Այվազյանը և Սերգեյ Միքայելյանը, ինչպես նաև ազատության մեջ գտնվող 6 այլ կասկածյալներ:

Տրվող հարցերին թարգմանչի միջոցով պատասխանած կասկածյալ Արթուր Այվազյանը դատարանին հայտնել է, որ կանխամտածված հանցագործություն չեն իրականացրել, միայն գողություն անելու նպատակով մտել են մի տուն, որի տերերին չեն ճանաչել: «Մեր նպատակն այնտեղի մարդկանց սպանելը չէր: Նրանց նկատմամբ բռնություն չենք գործադրել, չենք խփել: Մեր գործողությունները պետք է դիտարկել որպես գողություն»,- ասել է նա:

Դատական նիստի ավարտին դատարանը վճռել է Արամ Հովհաննիսյանին, Արթուր Այվազյանին և Սերգեյ Միքայելյանին Հակոբ Դեմիրջիին կանխամտածված սպանելու հիմնավորմամբ դատապարտել ցմահ ազատազրկման: Բացի այդ, Հակոբի կնոջը` Սեդա Այդա Դեմիրջիին ծեծի ենթարկելու փաստի առնչությամբ երեք կասկածյալները «կանխամտածված սպանության փորձ իրականացնելու» հիմնավորմամբ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման, «զինված թալանի» հիմնավորմամբ` 10 տարվա և «սեփականությանը վնաս հասցնելու» հիմնավորմամբ՝ 3 ամիս 10 օրվա ազատազրկման:

Դատարանի որոշմամբ` ազատության մեջ գտնվող կասկածյալներն անմեղ են ճանաչվել բավարար ապացույցների բացակայության պատճառով:

Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 6-ին Շիշլիի Ջումհուրիեթ փողոցի տներից մեկում բնակվող հայ 85-ամյա Հակոբ Յաքուփ Դեմիրջիի և 79-ամյա Սեդա Աիդա Դեմիրջիի տան վրա հարձակում էր իրականացվել: Հարձակումն իրականացնող երեք անձինք գողացել էին տան թանկարժեք իրերը, 100 հազար թուրքական լիրա (34 հազար ԱՄՆ դոլար): Նրանք հայ զույգին կապկպել էին, ինչի հետևանքով Հակոբ Դեմիրջին խեղդամահ էր եղել, իսկ նրա կնոջը հոսպիտալացրել էին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս