«Այդ գործիքը պետք է ակտիվացնել». Կարեն Կարապետյան
Գործադիր մարմնի նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ: Նա նշեց, որ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը.
«Այն թույլ է տալիս այդ օպերատորներին աշխատել պարզեցված մաքսային ընթացակարգերով, վճարումների կատարման առումով ստանալ բարենպաստ պայմաններ, մաքսային հսկողության ենթարկվել նախընտրած վայրում և այլ հատուկ պարզեցված ընթացակարգեր:
Չնայած այդ ուղությամբ դեռևս 2016թ. ստեղծվել է օպերատորի գործունեության իրականացման իրավական հենքը, սակայն մինչև այժմ ոչ մի լիազորված տնտեսական օպերատոր չի հաշվառվել: Այդ գործիքը պետք է ակտիվացնել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հանձնարում եմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկումտների կոմիտեի նախագահին, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների հետ համատեղ մեկամսյա ժամկետում վեր հանել և վերացնել իրավաբանական անձանց լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ շնորհելու գործընթացում առկա խոչընդոտները, այդ թվում՝ օրենսդրական, և երկու ամսից զեկուցել, թե քանի լիազորված տնտեսական օպերատոր է հաշվառվել և երկամսյա ժակետում ակտիվ իրականացնել հանրության իրազեկում»,- ասաց Կարեն Կարապետյանը: