Կառավարությունը բարձրացնում է հիփոթեքային վարկեր ստացողների իրավունքները

ՀՀ կառավարությունը նախատեսում է բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոններ սահմանել, որը միտված է սպառողների շահերի պաշտպանությանը: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող,  ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ընդգծեց, որ օրենքի նախագիծը մշակվել է հաշվի առնելով բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման շուկայում սպառողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունը, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման ոլորտում միասնական կանոնների սահմանման անհրաժեշտությունը:

«Նպատակն է  բարձրացնել հիփոթեքային կրեդիտներ ստացող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության մակարդակը, նպաստել ֆինանսական միջնորդության ավելացմանը, ամրապնդել ֆինանսական համակարգի նկատմամբ սպառողների վստահությունը»,- ասաց Ներսես Երիցյանը:

Նա հավելեց, որ օրենքի նախագծով առաջարկում է կարգավորել  բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքների, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերություններ, կրեդիտավորողների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառումը:

Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից առաջարկվող յուրաքանչյուր տեսակի բնակարանային հիփոթեքային կրեդիտի համար ունենալ տեղեկատվական ամփոփագիր: Հիփոթեքային կրեդիտների վերաբերյալ տեղեկատվական ամփոփագրերը կարող են համախմբվել նաև մեկ միաuնական տեղեկատվական ամփոփագրում`պայմանով, որ միաuնական տեղեկատվական ամփոփագիրը պարունակի յուրաքանչյուր տեսակի կրեդիտի վերաբերյալ oրենքով uահմանված տեղեկատվությունը:

«Կրեդիտավորման պայմանագրի գործողության ընթացքում կրեդիտավորողը պարտավոր է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետներում կրեդիտառուին վաղօրոք տեղեկացնել  անվանական տոկոսադրույքների և կրեդիտառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների չափի փոփոխության մասին, եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ դրանք առաջ են բերում կրեդիտառուի պարտավորությունների համապատասխան փոփոխություն պայմանագրի գործողության ընթացքում»,- մանրամասնեց Ներսես Երիցյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ կրեդիտավորման պայմանագիրը չի կարող պարունակել դրույթ, որը կրեդիտավորողին թույլատրում է միակողմանիորեն փոփոխել պայմանագրի պայմանները: Արգելվում է կրեդիտավորման պայմանագրում նախատեսել դրույթ, որով կրեդիտառուն նախապես թույլատրում է կրեդիտավորողին հետագայում միակողմանիորեն փոփոխել կրեդիտավորման պայմանագրի պայմանները:

ՀՀ ԿԲ նախագահի տեղակալը նշեց, որ կրեդիտավորողի կողմից կրեդիտառուին հասցեագրված հիփոթեքային կրեդիտի հետ կապված ցանկացած գրավոր փաստաթուղթ պետք է պարունակի նախազգուշացում այն մասին, որ կրեդիտառուն կարող է զրկվել բնակարանի նկատմամբ իր իրավունքներից, եթե չկատարի կամ ոչ պատշաճ կատարի  պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները:

Լողացող տոկոսադրույքի կիրառման դեպքում կրեդիտավորման պայմանագրում պետք է սահմանվեն առավելագույն շեմեր, որոնցից ավել կրեդիտի անվանական տոկոսադրույքը չի կարող բարձրանալ կամ իջնել` անկախ լողացող տոկոսադրույքի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փոփոխության չափից:

Տեսանյութեր

Լրահոս