«Հեսա լավ կլինի, հեսա թազա վարչապետ ա եկել, Կարեն Կարապետյանը, լավ ա լինելու». Սեյրան Սարոյան
«Պատերազմը ոչ մեկին պետք չի` ո՛չ մեր ազգին, ո՛չ էլ մեր էրեխեքին, ո՛չ էլ թույլ կտանք, որ պատերազմ լինի: Աստված չանի, պատերազմ լինի, բայց եթե լինի, լիքը հողեր կան հըլը Ադրբեջանում, դրանք էլ ձեռքներից կառնենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանը` դեմ արտահայտվելով Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ՀԱԿ-ի դիրքորոշմանը՝ փոխզիջմանը:
Նա վրդովվեց՝ ասելով. «Ի՞նչ փոխզիջում, ի՞նչ բան»:
Ըստ Ս. Սարոյանի` Ադրբեջանը ճանաչելու է Արցախի անկախությունն ու «էն ժամանակ կնայեն, կուսումնասիրեն»: ՀԱԿ-ի դիրքորոշումը, Ս. կարծիքով, ընդդիմություն լինելու հետևանք է. «ՀԱԿ-ն էսօր ինչ ուզենա` կխոսի, որովհետև ընդդիմություն է»:
Նա բացառեց, որ ՀԱԿ-ը կարող է գալ իշխանության և իր խոսքը գործ դարձնել. «ՀԱԿ-ն իշխանության չի գալու, ինձի թվում ա` Հանրապետականը կլինի»:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է այդքան վստահ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Որովհետև Հանրապետականը լավ կուսակցություն ա»: Թե ինչո՞վ է լավ, Սարոյանը նշեց` ամեն ինչով:
Դիտարկմանը, որ հռչակած ծրագրերը չեն իրականացվել, Ս. Սարոյանը նախ հարցրեց` ո՞ր ծրագրերը, ապա նշեց. «Հեսա լավ կլինի, հեսա թազա վարչապետ ա եկել, Կարեն Կարապետյանը, լավ ա լինելու»: