«Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա»

«ՀՀ-ԵՄ բանակցվող շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել կարևոր քաղաքական ազդակ կդառնա Եվրոպական միության համար, քանի որ ենթադրաբար ՀՀ նախագահը կվերահաստատի համաձայնագիրը ստորագրելու, ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը։ Բացի դրանից քննարկման առարկա կդառնա ԵՄ-ի ֆինանսավորումը հայաստանյան ընտրական գործընթացներին, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ՀՀ-ԵՄ համագործակցությունը, որոնք Եվրոպական միության դիտակետում են Հայաստանում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով սպասվող այցի օրակարգին։

Փորձագետը նշել է, որ երբ ավարտվում են բանակցությունները, բանագնացները կատարում են իրենց գործը, կողմերը պաշտոնական այցերի միջոցով վերահատատում են իրենց նվիրվածությունը գործընթացին, այսինքն՝ բանակցությունները ամրապնդվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

Զաշտովտի կարծիքով, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ զարգանալու իրենց կամքը կարող են վերահաստատել նաև արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի համար ԵՄ-ն շուրջ 7 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին։

«Սա պատահական չէ, թեև ԵՄ-ն մշտապես հայտարարում է, դա այդպես էլ կա, չի միջամտում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, այլ սատարում է ժողովրդավարական գործընթացների կայացմանը։ Եթե այդ գումարները իրենց նպատակին չծառայեն, ԵՄ-ն ստիպված կլինի վերանայել Հայաստանին տրվող ֆինանսավորումը  կամ ընդհանրապես վերանայել Հայաստանի ուղղությամբ իր հանձնառությունները»,- ասել է Զաշտովտը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս