«Շահագրգռված ենք, որ այս ծրագիրը հաստատվի». Արա Նռանյան

«Ապրիլյան պատերազմից հետո պարզվեց, որ մեր շատուշատ  նախկինում վիրավորված զինծառայողների սայլակները չէին ժամանակին տրամադրում, կամ դա վատ իրավիճակով էր կատարվում. Ես ձեզ կոչով եմ դիմում ու խնդրում եմ ուսումնասիրել մամուլում եղած բոլոր դեպքերը և ստուգել հենց որակական խնդիրը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը՝ Վերահսկիչ պալատի՝ 2017 թվականի ծրագրի ներկայացման ժամանակ։

Նա կոչ արեց օգտվել հասարակական  կազմակերպությունների և անհատների  նախաձեռնություններից՝ օգնելով հաշմանդամներին. «Գլխավոր հարցս հետևյալն է՝ 2017 թվականի ապրիլին տեղի ունեցող ԱԺ ընտրություններից և ԱԺ-ի ձևավորումից հետո մենք շատ ինստիտուտների փոփոխություն ենք ունենալու, ինչպես նաև Վերահսկիչ պալատը կդառնա ստուգիչ պալատ։ Խոսվում է, որ նրանից հետո չի լինելու ծրագիր՝ որևէ մասերից բաղկացած, այլ ամբողջ բյուջեն է լինելու ձեր ուսումնասիրության առարկան, չե՞ք համարում, որ այս ներկայացումը, չասեմ՝ անտեղի է, բայց գաղափարն այն պետք է լինի, որ այդ օրվանից սկսած ձեզ համար ամբողջ բյուջեն  և բոլոր բյուջետային ծրագրերը պետք է դառնան ստուգման  առարկա»։

Ի պատասխան՝ նախագծի հիմնական զեկուցող Արա Նռանյանն ասաց, որ այս ծրագիրը կազմելու չափանիշերից էին սոցիալական նշանակության  կարևորագույն հարցերը, որոնք առկա են հասարակությունում, այդ թվում՝ լրատվամիջոցների և հանրային տարբեր շերտերի բարձրացրած հարցերը։

«Կապված նրա հետ, թե իմաստ ունի՞ այս ծրագիրը, թե՞ ոչ։ Ծրագիրը մենք ունենալու ենք, երբ ուժի մեջ կմտնի հաշվեքննիչ պալատի մասին օրենքը, տարեկան ծրագիրը հաստատվելու է արդեն հաշվեքննիչ պալատի խորհրդի կողմից։  Այսինքն՝ ասել, որ հետո  ծրագիր չի լինելու, այդպես չէ, այն լինելու է, և այդ ծրագրի կատարողականի վերաբերյալ ԱԺ-ին հաշվեքննիչ պալատը ներկայացնելու է հաղորդում։ Մենք շահագրգռված ենք, որ այս ծրագիրը հաստատվի, որպեսզի մենք օր առաջ սկսենք աշխատել, որովհետև ժամանակը գնում է, իսկ տարվա ծրագիր մեզ պետք է»,- նշեց Ա. Նռանյանը։

Տեսանյութեր

Լրահոս