Վարդան Արամյանը բացառում է Կարեն Կարապետյանի ընտանիքի՝ Գյումրիում ներդրում կատարելու հարցում շահերի բախումը
ՀՀ վարչապետի ընտանիքի՝ Գյումրիում ներդրում կատարելու մասով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը շահերի բախում չի տեսնում: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ ներդրումը տրվելու է հավատարմագրային կառավարման: Նրա խոսով` միջազգային փորձում նման պայմաններում լինում են հայտարարագրեր նաև հավատարմագրային կառավարման հանձնելու հետ կապված խնդիր:
«Ընդ որում՝ նման պայմաններում, երբ այդ գումարը տրվում է որպես նվիրատվություն` շահերի բախման ինստիտուտը չի լինում: Եթե տրվում է որպես ներդրում որևէ ընկերության մեջ, ապա այն լինում է հավատարմագրային կառավարման ինստիտուտի ներքո»,- ներկայացրեց նա` հիշեցնելով, որ կառավարության գլխավոր խնդիրը թափանցիկության ապահովումն է, ինչի համար որոշակի քայլեր են արվել: Նախարարն ընդգծեց, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է և վստահեցրեց, որ շահերի բախում տեղի չի ունենա:
Հիշեցնենք, որ Գյումրու պատմական կենտրոնի, «Կումայրի» պատմամշակութային արգելոցի վերակառուցման ծրագիրը ՀՀ վարչապետին է ներկայացվել փետրվարի 3-ին` Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում: Ծրագրի կյանքի կոչման նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ: Կարապետյանը նշել է, որ իր ընտանիքի համար մեծ պատիվ կլինի ներդրում կատարել ստեղծված հիմնադրամում: