
Հայաստանը Սինգապուրի եւ Կանադայի հետ օդային հաղորդակցությունը կարգավորող համաձայնագիր կունենա

Հայաստանը Սինգապուրի եւ Կանադայի հետ չունի օդային հաղորդակցությունը կարգավորող համաձայնագիր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը նշեց, որ կան պետություններ, որոնց հետ Հայաստանը չունի կարգավորված դաշտ, և բաց երկնքի քաղաքականության սկզբունքներից ելնելով՝ Քաղաքացիական ավիացիայի վարչությունն առաջարկել է ՀՀ կառավարությանը բանակցություններ սկսել այդ երկրների հետ: «Կանադայի եւ Սինգապուրի հետ կապված մենք ազդարարել ենք ոչ թե օդային հաղորդակցությունների մեկնարկի, այլ իրավական հիմք ստեղծելու մասին»,-ասաց նա:
Թե երբ Հայաստանը օդային կապ կհաստատի այդ երկու երկրների հետ, դեռեւս հստակ չէ, սակայն Քաղավիացիան այդ ուղղությամբ յուրաքանչյուր օր շարունակական աշխատանք է տանում: «Մեր շուկան բավական հետաքրքիր է, մենք ավիաընկերություններին առաջարկում ենք բավական լավ պայմաններ»,-ասաց Աննա Չոբանյանը:
ՀՀ կառավարությունը հունվարի 26-ի նիստում հաստատել է Սինգապուրի եւ Կանադայի հետ համաձայնագրերի կնքման առաջարկությունների նախագիծը: Ակնկալվում է, որ համաձայնագրերի կնքումը կնպաստի Սինգապուրի եւ Կանադայի հետ զբոսաշրջության եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: