
«Բոլորովին չենք լսել ինչ-որ շարժման անուն, մեկ էլ այդ շարժումը միանում է՝ չգիտեմ ում». Անահիտ Բախշյանը՝ դաշինքների մասին

«Ազատ դեմոկրատներ միավորման» համամասնական ցուցակում ընդգրկված Անահիտ Բախշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ չի թաքցնում՝ ուզում է պատգամավոր դառնալ: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալուն, նա ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել, քանի որ բազմիցս անդրադարձել է դրան:
Անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի առաջարկն ընդունելու իր որոշմանը, Անահիտ Բախշյանն ասաց. «Ազատ դեմոկրատների» քաղաքական գիծը շատ հարազատ է ինձ: Այդ գիծը Հայաստանի պետության, ինքնիշխանության պահելն է, ժողովրդավարական արժեքները, եվրոպամետ պետությունների մոդելը և մարդու իրավունքները: Այս արժեքներն իմ սեփական արժեքներն են, և այսօր «Ժառանգությունում» տեղի ունեցող ալեբախումներն ինձ համար հասկանալի չեն: «Ազատ դեմոկրատներն» ինձ համար համախոհ կուսակցություն է, և ընդունել եմ Խաչատուր Քոքոբելյանի հրավերը ու չեմ թաքցնում՝ ուզում եմ դառնալ պատգամավոր»:
Նա ասաց, որ շարունակելու է իրեն հոգեհարազատ քաղաքական գիծը, շարունակելու է զբաղվել զինհաշմանդամների հետագա բժշկական վերականգնողական հարցերով. «Այն, ինչով զբաղվում ենք հիմա, բարեգործական հիմքով է, մինչդեռ դա պետք է դառնա պետական հոգածություն»:
Անահիտ Բախշյանը կոչ արեց ժողովրդին՝ հետևել, թե որ քաղաքական ուժն ինչ բառապաշարով է մյուսի թերությունների մասին խոսում. «Այդ ուժը, այդ բառապաշարը պետք է գնա խորհրդարան: Շատ կարևոր է, թե խորհրդարանում ինչ լեզվով, ինչ բառապաշարով են միմյանց հետ խոսում: Մենք գիտենք շատ դեպքեր, երբ տգեղ խոսակցություններ են լինում»:
Բանախոսն անդրադարձ կատարեց ձևավորվող դաշինքներին և ասաց, որ արհեստական ինչ-որ բան կա այդ ամենում. «Բոլորովին չենք լսել ինչ-որ շարժման անուն, մեկ էլ այդ շարժումը միանում է՝ չգիտեմ ում: Այո, արհեստական երևույթներ կան, բայց դա անխուսափելի է, սա այն է, ինչ կոչվում է՝ ընտրությունների նախապատրաստում: Մեր երկրում գոնե մենք ավելի քաղաքակիրթ, գրագետ մշակույթ չունենք: Ընտրական օրենսգիրքն էլ ամեն ինչ անում է, որ այդ վարկանիշն ընկնի: Այս ռեյտինգային կոչվածը, ինչպես Գևորգ Դանիելյանն է ասում, առանց կես լիտր խմելու՝ չես հասկանա»:
Հարցին՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ «Ժառանգությունում» տեղի ունեցող ալեբախումներն իր համար անհասկանալի են, նա այսպես պատասխանեց. «Անհասկանալին այն է, որ «Ժառանգության» վարչությունը որոշել է անպայման դաշինքով մասնակցել, և բանակցություններն ընթանում են «ԵԼՔ» և Սեյրան Օհանյան դաշինքների հետ: «Ելքի» երիտասարդ անդամն էլ բարձրաձայնեց այդ մասին, թե չեն հասկանում «Ժառանգությանը». մի կողմից` «Ելք», մյուս կողմից` Սեյրան Օհանյան քաղաքական դաշինքը: Սրանք հակառակ քաղաքական բևեռներ ունեցող քաղաքական ուժեր են: Այսինքն՝ քաղաքական կողմնորոշումն ու գիծը, ծրագիրը, ստացվում է՝ կապ չունի»:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանը, հավաստիացրեց, թե իրենք ընդդիմադիր են ու գործում են ընդդիմադիր դաշտում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դաշինքո՞վ, թե՞ միայնակ են մասնակցելու ընտրություններին, ինչին ի պատասխան՝ Էդգար Առաքելյանն ասաց, որ ի սկզբանե նշել են՝ «Հայկական վերածնունդը», ամենայն հավանականությամբ, կմասնակցի միայնակ, բայց չի բացառվում համագործակցությունն այլ ուժերի հետ: Սակայն նա չմանրամասնեց, թե որ ուժերի մասին է խոսքը: Նա նաև հավելեց, որ նախկինում մեծ աշխատանք են տարել օրենսդրական և այլ առումներով, և այժմ էլ զբաղվելու են գյուղացի կանանց խնդիրներով, որպեսզի հետագայում նրանք թոշակ ստանան. «Այսինքն, եթե գյուղացին իր այգին է մշակում, դա պետք է ստաժ համարվի»: