Բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.7 տոկոսով
Հայաստանում բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0.7% նվազում, ինչը հիմնականում բնակարանային-կոմունալ ծառայությունների՝ 1.8% (կապված բնակչությանը խողովակաշարերով գազային վառելիքի վաճառքի ծառայությունների սակագների 5.2% նվազման հետ), մշակույթի ոլորտի ծառայությունների՝ 0.9% սակագների նվազման արդյունք է:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տրանսպորտային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են 0.6%-ով՝ կապված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 1.6% նվազման հետ: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է բուժսպասարկման, հանրային սննդի՝ 0.1%, հանգստի կազմակերպման՝ 6.1% ծառայությունների սակագների հավելաճ, իսկ կենցաղային բնույթի, կապի, կրթության համակարգի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մ ակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 1.2-0.6% նվազում, այդ թվում, նվազման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.6%-ով: