«Գործ տալը ո՞րս է». Տիգրան Ուրիխանյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր նախկին ԲՀԿ-ական, արդեն «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ցանկանում են միանալ «Ծառուկյան» դաշինքին։
Նա նշեց, որ իրենք լայն միավորումների կողմնակից են և հույս ունեն, որ գոնե հետընտրական զարգացումներում կստեղծվի մեկ միասնական ընդդիմադիր դաշինք։
Հարցին, թե՝ ինչո՞ւ էիք առանձնանում, որ նորից պետք է միանայիք, Տ. Ուրիխանյանն այսպես պատասխանեց. «Չեմ առանձնացել, Ծառուկյանի հեռանալուց հետո եմ առանձին կուսակցություն ստեղծել, որովհետև ԲՀԿ-ն փոխեց իր քաղաքական դիրքորոշումը, իսկ «Այլանսը», որը բաղկացած էր այդ պահին 1017 հոգուց, ուներ հստակ դիրքորոշում և շարունակեց այդ նույն քաղաքական կուրսը։ Իսկ առանց Ծառուկյանի՝ ԲՀԿ-ի գոյությունն անընկալելի է եղել ինձ համար, հետևաբար՝ ես հեռացել եմ ԲՀԿ-ից, ոչ թե Ծառուկյանից»։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Գագիկ Ծառուկյանը դեմ է, որ իր ցուցակում տեղ գտնի մեկը, որը «գործ տվող» է, Տ. Ուրիխանյանը նշեց, որ ինքը չի լսել, որ Գ. Ծառուկյանը նման բան ասի։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքի ու քրեական գործի մասին։
«Ուզում եմ հասկանալ՝ հիմա դուք ուզում եք ապրել օրենքի՞ շրջանակներում, թե՞ գողական, գործ տալը ո՞րս է: Այդ պղտորումը տեղի ունեցավ այն թերթում, որի գլխավոր խմբագիրը դատարանում իր մոր հանդեպ ցուցմունք է տվել: Այդ, այսպես կոչված, ընդդիմադիր լրատվամիջոցում միշտ նման պղտորումներ լինում են, որին չարժե արձագանքել»,- նշեց Տ. Ուրիխանյանը:
Հարցին էլ, թե՝ ինչո՞ւ չեք ներկայանում դատական նիստերին, Տ. Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Իսկ ինչո՞ւ եմ պարտավոր ներկայանալ: Դա իմ սահմանադրական իրավունքն է: Ես չեմ իր ազատազրկման հիմնական պատճառը: Ես հայտարարել եմ, որ ես իր նկատմամբ որևէ պահանջ չունեմ: Ես չեմ շարունակել տուժող կողմի դիրքորոշումից հանդես գալ»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։