Հայաստանը կշարունակի աջակցություն ստանալ կոռուպցիայի դեմ պայքարում
Հայաստանում մեկնարկեց ԵՄ-ի կողմից կազմակերպված «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավը՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը կոռուպցիայի վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնելու ԵՄ-ի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում:
«Այս տարին մեկ քայլ առաջ կատարելու հնարավորություն է տալիս: Սա գալիս է նրանից, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է բարձրացրել կոռուպցիայի դեմ պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, կիրառվել են համապատասխան միջոցներ ներդնելու անհրաժեշտ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում: Ունենք նաեւ շատ պրոֆեսիոնալ եւ նպատակասլաց քաղաքացիական հասարակություն, որն ակտիվորեն ներգրավված է աշխատանքներում: Ապացուցելու կարիք չկա, որ կոռուպցիան համաշխարհային խնդիր է: Չկա մի երկիր, որ չբախվի կ ոռուպցիոն մարտահրավերներին, եւ Հայաստանը նույնպես չի առանձնանում: Որոշ երկրներ դիմագրավում են ավելի լավ, որոշը՝ ոչ այնքան»,- նշեց ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ վստահություն արտահայտելով, որ գործադրված ջանքերի հաջողությունը կախված է հենց քաղաքացիների պատասխանատվությունից:
Իրազեկման արշավը մշակվել է ՀՀ կառավարության, կոռուպցիայի դեմ պայքարում մի շարք փորձագետների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համագործակցությամբ: