Բաժիններ՝

«Մեր աշխատողներից մեկը եկավ, շատ տխուր հայտարարեց, թե՝ գեներալ ջան, էլ սնունդ չենք տալու՝ ձեր գլխի ճարը տեսեք». Նարկոլոգիական կենտրոնում իրարանցում է

Երեկ համացանցում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում սպասվում է բողոքի ակցիա, որի մասնակիցները՝ տվյալ բուժհաստատության հիվանդներն ու նրանց ընտանիքի անդամները, բողոքում են պետության կողմից հիվանդներին սննդի տրամադրման դադարեցման առիթով:

Ահազանգի հետքերով լրագրողների խումբն այսօր առավոտյան այցելեց Նարկոլոգիական հանրապետական կենտրոն՝ տեղում հասկանալու համար, թե ի՞նչ է իրականում կատարվում այնտեղ: Պարզվում է՝ ահազանգի հեղինակն ընդամենը 12 օր առաջ բուժհաստատություն տեղափոխված՝ Չարենցավանի բնակչուհի Ազնիվ-Արևիկ Թորոսյանն է, որն էլ հավաքված լրագրողներին պատմեց ոչ միայն սննդի դադարեցման հետ կապված խնդրի էության, այլև սեփական կյանքի տխուր դիպվածների մասին՝ չմոռանալով նաև ամոթանքի խոսքեր ուղղել օղու հայտնի կեղծարարներին, որի արդյունքում ինքը հայտնվել է նարկոլոգիական կենտրոնում.

«Մեր աշխատողներից մեկը շատ տխուր եկավ, բացօթյա հայտարարեց, թե՝ գեներալ ջան (իմ կլիչկան գեներալ ա, իմիջիայլոց), էլ սնունդ չենք տալու՝ ձեր գլխի ճարը տեսեք, ասեցին՝ ամսի 1-ից սնունդը սպառվում ա: Էսօր դեռ նախաճաշ չենք ստացել, բայց Սեմերջյանը խոստացել է (նկատի ունի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանին.- Ն.Մ.)»: Լրագրողների հարցին՝ ո՞վ է բուժհաստատության ներսում ինֆորմացիայի տարածողը, տիկին Ազնիվ-Արևիկը չբացահայտեց՝ ասելով՝ «Ղուշը վերևից իջավ»:

Կարդացեք նաև

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բուժում ստացող հիվանդները սնվում են օրական երեք անգամ՝ առաջին սննդի ընդունման ժամը առավոտյան ութն անց կես է:

Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը հաստատում է՝ հիվանդներն առավոտյան նախաճաշել են իրենց մոտ եղած սննդի հաշվին, բայց ճաշի համար նախատեսված սնունդն արդեն պատվիրված է, պատրաստվում են պատվիրել նաև ընթրիքը:

Տնօրենը կարող է միայն ենթադրել, որ ծագած խնդիրը հաստատության ներսում սննդի մատակարարի հետ անցկացված մրցույթն է.

«Մեր 100 տոկոս ակցիաները պատկանում է Առողջապահության նախարարությանը, և մենք ուղիղ ենթարկվում ենք առողջապահության նախարարին: Ցանկացած գնում իրականացվում է գնումների մասին օրենքի համաձայն: Հունվարի 30-ին մեր մոտ իրականացավ սնունդ մատակարարող ընկերության մրցույթը, և ես ենթադրում եմ, որ հիվանդների մոտ ծագած անհանգստության պատճառն այդ մրցույթն է եղել: Հավանաբար ոչ ճշգրիտ ինֆորմացիայի հոսք է եղել այն կնոջ մոտ, ում հետ դուք արդեն խոսել եք (նկատի ունի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում բուժում ստացող Ազնիվ-Արևիկ Թորոսյանին.- Ն.Մ.), և ահազանգել են լրագրողներին: Ես հեռուստատեսությամբ եմ լսել, որ մեր բուժհիմնարկում այսօր բողոքի ակցիա է լինելու: Մինչ սննդի նոր մատակարարի հաստատումը բուժհաստատության հիվանդները կսնվեն հիվանդանոցի հաշվին պատվիրված սնունդով: Այսօր նախաճաշ չի եղել, որովհետև այն ընկերությունից, որին մենք պատվիրեցինք նախաճաշը, ասաց, որ չեն հասցնի առաքել այն, բայց ճաշն արդեն պատվիրված է»:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը պարզաբանում է՝ այս պահին Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում ստացիոնար բուժում է ստանում 55 հիվանդ, իսկ միջին հաշվարկով՝ 300 հիվանդ ամեն օր ստանում է ամբուլատոր բուժման կուրս: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սննդի մատակարարը՝ «Եղվարդ Նեկտար» ՍՊԸ-ն, սպասում է համապատասխան պատկան մարմինների կողմից հաստատվելու գործընթացին, որ, օրենքի համաձայն՝ տևում է 5 աշխատանքային օր, որից հետո կշարունակի սնունդ մատակարարել Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում ստացիոնար բուժման կուրս ստացող հիվանդներին: Սնունդ բուժհաստատությունը ստանում է օրական 3 անգամ՝ ըստ հիվանդների քանակի: Յուրաքանչյուր հիվանդի համար ծախսվող սննդի գումարն օրական կազմում է 1950 դրամ: Հիվանդանոցների համար նախատեսվող սննդակարգը կարգավորվում է կառավարության որոշմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս