Թբիլիսիում բողոքի ակցիա է անցկացվում՝ պահանջելով հրապարակել Հայաստան գազի տարանցման վերաբերյալ «Գազպրոմի» հետ պայմանագիրը
Թբիլիսիում կառավարության վարչակազմի շինության մոտ անցկացվում է բողոքի ակցիա ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ու նրա կողմնակիցների մասնակցությամբ, որոնք պահանջում են հրապարակել Վրաստանի իշխանությունների և «Գազպրոմի» միջև նոր պայմանագրի մանրամասները, հայտնում է RIA Novosti-ն։
Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն ավելի վաղ հայտարարել էր, թե «Գազպրոմի» հետ Հայաստան գազամատակարարման վերաբերյալ կնքված համաձայնագիրն առևտրային գաղտնիք է։
Մինչ օրս Վրաստանի կառավարությունը հրաժարվել է հրապարակել նոր պայմանագրի մանրամասները, որի համաձայն՝ փոխվել է Հայաստան գազի տարանցման վճարի բազմամյա պրակտիկան։
Վրացական կողմն ու «Գազպրոմ-էքսպորտը» կազմել էին նոր համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանը կստանա դրամական փոխհատուցում ռուսական գազի Հայաստան տարանցման դիմաց։
Ավելի վաղ Վրաստանը ստանում էր Հայաստան ռուսական գազի տարանցման ծավալի 10 տոկոսը։ Բացի այդ՝ Վրաստանը անհրաժեշտության դեպքում կարող է Ռուսաստանից գնել գազ 1000 խմ-ի դիմաց վճարելով ոչ թե 215, այլ 185 դոլար։
Վրաստանի ընդդիմությունն ու 80 ՀԿ-ներ քննադատել էին «Գազպրոմի» հետ համաձայնագիրը՝ պահանջելով հրապարակել պայմանագիրը։