
ԱՄՆ քոլեջներում Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն

Միացյալ Նահանգներում գործունեություն ծավալող Համահայկական ուսանողական ասոցիացիան կհամակարգի «Ժխտման բիծ» խորագիրը կրող ամենամյա լուռ բողոքի ակցիան` ընդդեմ Հայոց ցեղասպանության ժխտման: Ինչպես հաղորդում է Asbarez.com-ը, ասոցիացիայի անդամները փետրվարի 9-ին բողոքի ակցիաներ կիրականացնեն իրենց համալսարաններում և քոլեջներում:
«Ժխտման բիծ» նախաձեռնությունը նպատակ ունի քոլեջի ուսանողության շրջանում ավելացնել իրազեկվածությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել ճանաչման և փոխհատուցման անհրաժեշտությունը: Բողոքի ակցիան տեղի է ունենում ձմռանը` խորհրդանշելու այն փաստը, որ ցեղասպանության ժխտումը տեղի է ունենում ողջ տարվա ընթացքում, այլ ոչ թե միայն ապրիլի 24-ին:
Բացի ԱՄՆ քոլեջներում նախատեսված ակցիայից, Համահայկական ուսանողական ասոցիացիան սոցիալական մեդիայում շրջանառության մեջ է դնելու իրազեկող և Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող հաշթեգեր: