Բաժիններ՝

Որքա՞ն հաճախ պետք է երեխան հիվանդանա, որպեսզի թույլ իմունիտետի կասկածներ առաջանան. պարզաբանում է մանկաբույժը

«Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի» փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցը և «Հալոմեդ» առողջության վերականգնողական կենտրոնի տնօրեն Ծովինար Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ խոսեցին մանկական սուր շնչառական հիվանդությունների, դրանց կանխարգելման և բուժման ձևերի մասին, ինչպես նաև մատնանշեցին այն միջոցները, որոնց կիրառման դեպքում կարելի է խուսափել բարդություններից:

Ըստ «Հայաստանի մանկական բժիշկների ասոցիացիայի» փոխնախագահ, ԲԳԹ, դոցենտ Լյուդմիլա Սիմոնյանցի՝ բոլոր վարակիչ հիվանդությունների մոտ 90 տոկոսը, որոնցով վարակվում են երեխաները, սուր շնչառական վարակն է։ Ըստ բանախոսի՝ կա երեխաների մի խումբ, որ առավել խոցելի է սուր շնչառական վարակների և գրիպի դեմ:

«Թուլացած իմունիտետը երեխաներին խոցելի է դարձնում ինֆեկցիոն հիվանդությունների, այս դեպքում՝ սուր շնչառական վարակների և գրիպի առաջ։ Ռիսկի խմբում առաջին հերթին անհաս և վաղաժամ ծնված երեխաներն են, որոնք բնածին իմունոդեֆիցիտ ունեն։ Երկրորդ խմբում առավել խոցելի են քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ, իսկ երրորդում՝ ծերերն են»,- ընդգծում է Լյուդմիլա Սիմոնյանցը:

Որքա՞ն հաճախ պետք է երեխան հիվանդանա, որպեսզի թույլ իմունիտետի կասկածներ առաջանան։ Մասնագետը փաստում է.

«Եթե մինչև 1 տարեկան երեխան, որը կրծքով է կերակրվում, տարեկան ավելի քան 5 անգամ հիվանդանում է սուր շնչառական վարակներով, կարելի է ենթադրել, որ նա իմունային համակարգի խնդիրներ ունի։ Հայտնի է, որ կրծքի կաթը երեխային է փոխանցում մոր իմունիտետի մի մասը, այդ իսկ պատճառով նման կաթով սնվող երեխաները սովորաբար բավականին լավ են պաշտպանված շատ հիվանդություններից: Եթե ավելի մեծ տարիքի երեխաները տարեկան 6-7 անգամ վարակվում են սուր վարակիչ հիվանդություններով, ապա, ամենայն հավանականությամբ, նրանք առողջական խնդիրներ ունեն, և նրանց իմունիտետը չի կարողանում հաջողությամբ դիմադրել վիրուսներին»:

Մանկաբույժը նշեց, նաև, որ այս ձմռանը համաճարակային իրավիճակներ, որպես այդպիսին, չեն գրանցվել: Այնուամենայնիվ, հանդիպման բանախոսը խորհուրդ տվեց նախ աշխատել սպասվող հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ, ապա նոր միայն անցնել բուժմանը, եթե արդեն դրա կարիքը կա:

Մասնագետը խորհուրդ է տալիս նախևառաջ ամրացնել երեխայի օրգանիզմը և իմունիտետը, որպեսզի նա հեշտությամբ դիմակայի ինֆեկցիոն հիվանդություններին, բաց չթողնել պարտադիր պատվաստումները, իսկ տնային պայմաններում՝ ավելացնել սոխի և սխտորի բաղադրությամբ բուժական միջոցների կիրառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս