
Կառավարությունը դեռ չի հստակեցնում բիզնեսին ուղղված ներդրումային մեխանիզմները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, կառավարությունում առայժմ չեն հստակեցրել այն մեխանիզմները, որոնցով պետք է սպասվող ներդրումային ռեսուրսները ուղղվեն բիզնեսին: Խոսքը առաջին հերթին հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի մասին է:
Խնդիրն այն է, որ ցանկացած բիզնեսի մեջ ներդրումներ անելու համար պետք է գնահատվեն այդ բիզնեսի հեռանկարները, պարզվի մոտավոր շահութաբերությունը, ռիսկերը եւ այլն: Ով պետք է գնահատի, դեռ պարզ չէ: Այս հարցը կարեւորագույն նշանակություն է ձեռք բերել պոտենցիալ ներդրողների շրջանում եւ հիմնական խոչընդոտներից է հիմնադրամի ձեւավորման գործում:
Քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ ներդրումերը բիզնեսին «հասցվեն» բանկերի միջոցով` վարկերի տեսքով, սակայն դրա արդյունավետությունը չափազանց ցածր է, իսկ տոկոսադրույքները՝ չափազանց բարձր: Հստակություն առայժմ չկա նաեւ ավելի խոշոր` ենթակառուցվածքային, կառավարության կողմից առաջարկված ծրագրերում ներգրավվելիք խոշոր ներդրումների հարցում:
Ներդրողները ցանկանում են, որ կառավարությունը բյուջետային երաշխիքներ տա, իսկ կառավարությունը դեմ է այդ գաղափարին: Ստեղծված իրավիճակում ներդրողները մտավախություն ունեն, որ ինչպես փոքր, այնպես էլ մեծ ներդրումային ծրագրերում ներդրումներ չանելու դեպքում իրենց գումարները կփոշիանան»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: