«Բազմիցս առիթ եմ ունեցել Հայաստանի հարուստ մշակույթը ներկայացնել տարբեր ազգերի ուսանողներին»
«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքի հերոսն այս անգամ Սարգիս Շահբազյանն է: Սարգիսն ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժինը: Ուսումնառության ընթացքում աշխատել է երաժշտական դպրոցում՝ որպես վոկալի ուսուցիչ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո նա որոշում է տեղափոխվել Եվրոպա և այնտեղ շարունակել ուսումը: Սարգիսն ամուսնանում է և կնոջ՝ Լիլիթի հետ տեղափոխվում Ավստրիա: Որոշ ժամանակ գերմաներենը կատարելագործելուց հետո Սարգիսը ընդունվում է Զալցբուրգի պետական համալսարան. այժմ նա սովորում է Զալցբուրգի պետական համալսարանի արվեստի պատմություն բաժնում:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ միշտ երազել է լինել Վ. Ա. Մոցարտի տուն-թանգարանում, ու Ավստրիա հասնելուն պես՝ այցելել է այնտեղ. «Դա իմ երազանքն էր, և այդ պահին աննկարագրելի զգացողություն էր մոտս: Այնուհետև շրջեցի Ավստրիայի բոլոր պատմական ու տեսարժան վայրերով, ինձ շատ էր հետաքրքրում արվեստը: Այցելել եմ Թագավորների պալատ, եղել եմ Վիեննայի թանգարանների փողոցում: Շատ եմ սիրում Զալցբուրգ քաղաքի խաղալիքների թանգարանը, որովհետև այնտեղ կան այնպիսի խաղալիքներ, որոնք հիշեցնում են իմ մանկությունը: Ես շատ հաճախ եմ այցելում հենց այդ թանգարան: Շատ եմ սիրում նաև Զալցբուրգի Ժամանակակից արվեստի թանգարանը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի քաղաք: Հին արժեքները տեսնելով՝ մեծ հոգևոր ուժ էի ստանում, ու արվեստի հանդեպ հետաքրքրությունս էլ ավելի մեծացավ: Այդ ամենը տեսնելուց հետո որոշեցի խորապես ծանոթանալ արվեստի բոլոր ճյուղերի հետ, և դրա համար էլ ընտրեցի համալսարանի հենց այդ բաժինը»:
Սարգիսն Ավստրիայում շարունակում է երաժշտական կարիերան. «2014թ. կեսերից ընդգրկվեցի Բրանաու քաղաքի Liedertafel երգչախումբ՝ որպես տենոր. առաջին փորձն էր՝ պրոֆեսիոնալների հետ աշխատել օտար երկրում, հրաշալի զգացողություն էր, վայելում էի յուրաքանչյուր փորձը նվագախմբի հետ: Այդ փորձերը, տեղացիների հետ շփումն օգնեցին, որ ավելի արագ սովորեմ լեզուն: Այնուհետև ջազ բենդում երգելու առաջարկ ստացա, որն ինձ ավելի ուրախացրեց. պատիվ ունեցա ելույթ ունենալ ավստրիացի հայտնի սաքսոֆոնահար Ուլրիխ Բարթի հետ, ով նաև ղեկավարում էր խումբը»:
Այնուհետև Սարգիսն ընդգրկվում է Լինց քաղաքի Domchor երգչախումբ՝ որպես տենոր. «Երբ Բրանաու քաղաքում ծանոթացա տարբեր երաժիշտների հետ, ինձ փորձնական հրավիրեցին երգչախումբ՝ մտածելով, որ, եթե ունեմ ջազ-վոկալի կրթություն, գուցե չկարողանամ դասական երգել, բայց խմբի ղեկավարն առաջին փորձի ընթացքում անընդհատ ուշադրությունն իմ կողմն էր սևեռում, իսկ փորձից հետո ասաց, որ ընդունված եմ երգչախումբ: Այնքան հուզիչ պահ էր, երբ բոլորի ներկայությամբ ինձ առաջ կանչեց ու գերմաներենով հայտարարեց, որ ընդգրկված եմ երգչախմբում: Դա ինձ համար իսկապես երջանկություն էր, որովհետև աշխատելու էի եվրոպացի պրոֆեսիոնալ երաժիշտների հետ: Բրանաու քաղաքում երգչախումբն ունեցավ բավականին մեծ համերգ, որն ինձ համար չափից դուրս պատասխանատու ու կարևոր էր, քանի որ մինչ այդ երբեք այդքան մեծ հանդիսատեսի առաջ ելույթ չէի ունեցել»:
Սարգիսը նշում է, որ ի սկզբանե կարծում էր, թե դժվար է լինելու օտար երկրում ապրելու, սովորելու, կայանալու պրոցեսը, բայց հավելում է, որ հակառակ իր մտածածին՝ ամեն ինչ բավականին հեշտ և արագ ընթացք ստացավ: Իսկ Ավստրիայում ամենամեծ ձեռքբերումը համարում է դստեր՝ Պաուլայի, ծնունդը:
Ուսմանը և աշխատանքին զուգահեռ՝ Սարգիսը սկսում է զբաղվել նկարչությամբ և Ավստրիայում ունենում է ցուցահանդես՝ «Պարողները» խորագրով. «Մի օր կնոջս նկարչական նյութերով փորձեցի նկարել, կինս տեսնելով՝ ոգևորեց ինձ և ասաց, որ փորձեմ ազատ ժամանակս հատկացնել նկարչությանը, որ այն ինձ մոտ ստացվում է: Քանի որ բալետ շատ եմ սիրում, առաջին անգամ նկարեցի բալետի պարուհի, և այդպես որոշեցի նման շարք ունենալ: Հետո կնոջս հետ համատեղ ցուցահանդես ունեցանք, որտեղ ներկայացրի նաև իմ աշխատանքները»:
Ինչ վերաբերում է համալսարանական կրթությանը, ապա, Սարգիսի խոսքով՝ բոլոր դասաժամերը շատ խիստ և համակարգված են կազմակերպվում. «Դասապրոցեսն անցնում է շատ խիստ, բայց միևնույն ժամանակ՝ շատ թեթև միջավայրում: Չես հասցնում ձանձրանալ, որովհետև մթնոլորտն արագ փոխվում է, ու դա գալիս է դասախոսի պրոֆեսիոնալիզմից: Ինձ համար ամենահաճելին օտարերկրացիների հետ շփումն է: Ունենում ենք դասաժամեր, երբ տարբեր երկրների ուսանողները ներկայացնում են իրենց հայրենի երկրի սովորույթները, մշակույթը, և ես բազմիցս առիթ եմ ունեցել իմ երկրի հարուստ մշակույթը ներկայացնել տարբեր ազգերի ուսանողներին, հպարտանալ հայտնի ու տաղանդավոր հայերով: Ի դեպ, Ավստրիայում ու Գերմանիայում Հայաստանն ասոցիացվում է Արթուր Աբրահամի և Արարատի հետ»:
Նա նշում է, որ օտարազգի ուսանողների հետ շփումը թույլ է տալիս ինչպես՝ ծանոթանալ նրանց մշակույթին, սովորել այլ լեզուներ, այնպես էլ՝ ձեռք բերել լավ ընկերներ. «Լեզվի կուրսերի ժամանակ ծանոթացել եմ ավստրալացի մի տղայի հետ, ով հիմա իմ լավագույն ընկերներից է, և որին հաճախ եմ պատմում Հայաստանի մասին, նա Հայաստանի կերակուրներն այնքան է հավանել, որ ուզում է անպայման կնոջ հետ այցելել Հայաստան: Նրա հետ հաճախ եմ հեծանվով շրջում քաղաքում: Թեև Ավստրիայում տրանսպորտի խնդիր չկա, բայց ես հիմնականում հեծանվով եմ երթևեկում»:
Սարգիսը սիրում է երկար ժամանակ անցկացնել Ավստրիայի գրադարաններում. «Այստեղի գրադարանները բավականին մեծ ու ընդարձակ են, գտնում ես գրեթե այն ամենը, ինչի մասին ուզում ես գրքերից տեղեկանալ: Ես հաճախ եմ գնում գրադարաններ՝ արվեստի տարբեր ճյուղերին գրքերի միջոցով ծանոթանալու: Այնտեղ հնարավորություն կա նույնիսկ երաժշտություն լսելով՝ գիրք ընթերցելու, նաև կան առանձնասենյակներ, որտեղ կարող ես ժամերով փակվել ու խորասուզվել գրքերի աշխարհում: Ես հաճախ տնային հանձնարարություններս գրադարանում եմ կատարում, քանի որ այնտեղի աուրան ինձ վրա դրական ազդեցություն է ունենում: Նույնիսկ, շատ ժամանակ, աղջկաս եմ տանում հետս, նրան թողնում եմ գրադարանի մանկական բաժնում, որտեղ երեխաների համար նախատեսված է խաղալիքների և գրքերի լայն տեսականի, և ամենակարևորը՝ անվտանգ է»:
Մեր զրուցակիցը խոստովանում է` թե՛ ուսումնական պրոցեսում, թե՛ կենցաղում զգացվում է այն փաստը, որ իր երկրում չէ. «Թեկուզ բավականին հետաքրքիր է այստեղ, բայց օտարություն կա: Նախ՝ Հայաստանում թողել եմ ինձ համար շատ թանկ մարդկանց՝ ընտանիքիս անդամներին, հարազատներիս, ընկերներիս. բոլորին շատ եմ կարոտել: Կարոտել եմ տունս, նույնիսկ՝ Երևանի փողոցներն ու իմ սիրելի վայրերը»:
Ինչ վերաբերում է ապագա պլաններին, Սարգիսը նշեց, որ համալսարանն ավարտելուց հետո նոր կկարողանա հստակ ասել՝ մնալու է Ավստրիայո՞ւմ, թե՞ վերադառնալու է Հայաստան և ստացած գիտելիքներն ու հմտություններն այստեղ կիրառի.
«Հիմա Domchor երգչախմբի հետ պատրաստվում եմ մեծ համերգի, որը տեղի կունենա մի քանի օրից: Թեև հիմա սովորում եմ արվեստի պատմության բաժնում, բայց երգը չեմ թողել, չեմ թողել նաև նկարչությունը և առաջիկայում պլանավորում եմ ունենալ երկրորդ ցուցահանդեսը»: