
Սեյրան Սարոյանը Սեյրան Օհանյանին չի տեսնում ընդդիմադիր ճամբարում

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու դեպքում կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով: «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է ընտրություններին, նա ասաց, որ որ դեռևս չգիտի: «Մի քանի օրից պարզ կդառնա: Եթե մասնակցեմ ընտրություններին, ապա միայն ռեյտինգային ընտրակարգով»: Հարցին էլ, թե ցանկանո՞ւմ եք կրկին լինել խորհրդարանում՝ Ս. Սարոյանը պատասխանեց, որ դա պետք է ցանկանա ժողովուրդը:
Միաժամանակ, նա հրաժարվեց պատասխանել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործունեությանը վերաբերող հարցերին՝ ընդգծելով միայն, որ Օհանյանին չի տեսնում ընդդիմադիր ճամբարում:
«Այսօր մեր բանակի ծննդյան օրն է, ամեն մի ծնունդ ուրախություն է, և այսօր մեր բանակն արդեն ուժեղ է: Կյանքում միշտ էլ խնդիրներ կան, բայց անլուծելի խնդիրներ չկան: Հայկական բանակը պատրաստ է յուրաքանչյուր գործողության, ամեն տարի մեր բանակն ավելի է ուժեղանում»,- անդրադառնալով Զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին՝ նշեց Սարոյանը: