«Էներգետիկ ոլորտը շատ ագրեսիվ աճ է ունենալու առաջիկա տարիներին». Հայկ Հարությունյան
Հայաստանն էներգետիկայի ոլորտում ներդրումների համար գրավիչ երկիր է դառնում: Այս մասին հունվարի 25-ին «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցած համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ համաժողովի նպատակն է քննարկել արևային կայանների կառուցման համար ներդրումների ներգրավման հնարավորությունները: «Եռօրյա միջոցառումների շրջանակներում ներդրողներին կներկայացվի արևային էներգետիկ ոլորտին վերաբերող ներդրումային փաթեթը: Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման հնարավորությունները, ինչպես նաև այդ նպատակով պետության կողմից անցկացվող մրցույթի մանրամասները։ Կայանի նախատեսվող հզորությունը 55 ՄՎտ է։ Մրցույթի անցկացումը հնարավորություն կտա նվազագույն սակագնի առաջարկ ստանալ փորձառու կազմակերպությունների մասնակցության միջոցով»,- նշեց Հարությունյանը:
Փոխնախարարը հայտնեց, որ Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայան կառուցելու համար մրցույթը նախատեսվում է կազմակերպել այս տարվա մարտին: Ըստ նրա՝ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա կայանի աշխատանքները կավարտվեն 2018 թվականին: Փոխնախարարը նշեց, որ միջոցառմանը մասնակցում են 40-ից ավելի օտարերկրյա ընկերություններ, բայց կան բազմաթիվ ներդրողներ, որոնք չեն կարողացել Հայաստան գալ, բայց մտադրություն ունեն մասնակցել մրցույթին: «Վերջին ամիսներին լայնածավալ աշխատանքներ են տարվել, որպեսզի մրցույթի մասին տեղեկացնենք լուրջ նշանակություն ունեցող ընկերությունների: Մասրիկը միայն առաջին ծրագիրն է, ունենք նմանատիպ ևս 5 ծրագրեր և առաջին մրցույթի հաջողությունից հետո կորոշենք, թե այդ ծրագրերի համար մրցույթները երբ և ինչ ծավալով իրականացնենք»,- ընդգծեց փոխնախարարը՝ հավելելով, որ մրցույթը արդյունավետ միջոց է Հայաստանում ամենացածր սակագին ստանալու համար:
Հայկ Հարությունյանը նշեց, որ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար բարենպաստ պայմաններ է ստեղծել: «Պետությունը ներդրել է իր ունեցած ամբողջ գործիքակազմը ոլորտը խրախուսելու համար: Այս ոլորտը շատ ագրեսիվ աճ է ունենալու առաջիկա տարիներին»,- ասաց նա:
Նրա խոսքով` մինչև 150 կՎտ կայանների կառուցման համար ներդրողները կազատվեն բոլոր տեսակի հարկերից, լիցենզիաներից: