«Բացահայտ ագրեսորի պահվածք է ցուցաբերում իմ սիրելի Իլհամ Ալիևը». Վովա Վարդանով
«Արդեն 25 տարեկան կայացած բանակ ունենք, ու դա ապացուցեց ապրիլյան քառօրյա պատերազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայդուկ կամավորականների հայրենասիրական» հ/կ նախագահ Մուշեղ Բաբայանը։
Նրա խոսքով՝ մեր զինվորի ոգին, հայրենասիրությունը կարողացավ բորենիների դեմ պայքարել. «Ճիշտ է, ինչ-որ դիրքեր մնացին անօրեններին, բայց դա չի նշանակում, որ Հայոց բանակի մարտունակությունն ընկած է։ Ես խոնարհվում եմ հայ զինվորի առջև, և ազգովի պետք է նպաստենք, որ հայ զինվորը թե՛ դիրքերում, թե՛ առօրյա կյանքում զգա, որ իր թիկունքում ժողովուրդ կա»։
Հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովն էլ նշեց, որ ընդհանրապես բանակը գործիք է՝ արտաքին վտանգների դեմ պայքարելու, արտաքին աշխարհի հետ շփվելու համար. «Մեր վտանգները միայն Հարավային Կովկասի թուրքերը չեն, մեր վտանգները միայն Օսմանյան կայսրությունը չէ, մեր վտանգը 100 տարի առաջ ցեղասպանված ժողովուրդ լինելն է, ինչը թույլ չի տալիս, որ մենք դառնանք ինքնաբավ ժողովուրդ։ Այդ վտանգները նպաստում են, որ մարդիկ քիչ երեխաներ ունենան, այստեղից հավեսով փախնեն-գնան։ Բանակն արտաքին վտանգների դեմ միայնակ չի կարող կանգնել։ Դա վերջապես հասկացան մեր ռազմաքաղաքական ղեկավարները, հայտարարություն եղավ Պաշտպանության նախարարի կողմից մի քանի ամիս առաջ՝ ազգ-բանակ դոկտրինն առաջ տանելու վերաբերյալ»։
Վ. Վարդանովի դիտարկմամբ՝ մեր բանակը շատ լավն է, Ալեքսանդր 2-րդը «տենց բանակ» չուներ, երբ արշավում էր դեպի Ստամբուլ 1878 թվականին. «Շատ ընտիր բանակ ունենք, բայց շատ հին է, այն վտանգները, որ մեզ սպասվում են, դրանց համար այն շատ հին է։ Որպեսզի մենք կարողանանք այդ վտանգների դեմն առնենք, մենք պետք է ունենանք շատ արդիական մտածելակերպ ունեցող զինվոր և թիկունքում ապրող քաղաքացի»։
«Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանն էլ նկատեց, որ զինվորը պետք է 70-75 ձևի աքսեսուարներ ունենա, իսկ զինվորն ունի դրա կեսից պակասը. «Կարծում եմ՝ Հայաստանի պետությունն իր ամենամեծ ուշադրությունը պետք է կենտրոնացնի կոնկրետ բանակի վրա, քանի որ մեր այսօրվա գոյության հիմնական գրավականը մեր բանակի մարտունակության մեջ է»։
Մուշեղ Բաբայանը կարծում է՝ ամեն րոպե, ամեն վայրկյան պետք է սպասենք նրան, ինչ եղավ ապրիլին. «Ես համոզված եմ, որ ամենաճիշտ պաշտպանությունը հարձակումն է։ Որտեղ քաղաքականությունը նեղվում է, այնտեղ բանակն իր խոսքը պետք է ասի, որտեղ բանակն է նեղվում, այնտեղ քաղաքականությունն իր խոսքը պետք է ասի, պետք է միասնական լինենք։ Հերիք են այդ ջրբաժանները, շանտղությունները։ Մենք պարտավոր ենք միավորվենք ու կանգնենք Հայոց բանակի կողքին, նախարարի կողքին, գերագույն գլխավոր հրամանատարի կողքին, որ չհասնենք օրհասական վիճակի, որն ապրիլյան օրերին եղավ»։
Վ. Սիսլյանն էլ տեսակետ հայտնեց, որ պետք է պատասխան տրվի, լռելը ճիշտ քաղաքականություն չէ։ Վ. Վարդանովը չհամաձայնեց նրա հետ. «Չի կարելի պատասխանել, այնպես պետք է անես, որ ինքը պատասխանելու կարիք ունենա։ Ագրեսորի պիտակից վախենալը սարսափելի բան է։ Բացահայտ ագրեսորի պահվածք է ցուցաբերում իմ սիրելի Իլհամ Ալիևը։ Ինչի՞ սիրելի, որովհետև իր կինը դուրս գալիս է։ Իլհամ Ալիևն անընդհատ, բացահայտ Ադոլֆ Հիտլերի պահվածք է ցուցաբերում՝ «էս ա սենց կանենք, էս ա նենց կանենք»։ Ստացվում է այն, որ թուրքերի ագրեսիվ տոնը թուլացնելու համար, անընդհատ իրեն ընդառաջ են գնում միջնորդները։
Մենք պետք է ապրիլյան դեպքեր իրենց համար սարքող լինենք մշտական։ Եթե դա անես այսօրվա մեր բանակի ուժերով, դաստիարակությամբ, մեզ մոտ ոչ մի հաջողություն չի լինի, որովհետև մեր բանակը, արդեն 25 տարի է՝ հայտարարում է՝ մենք կպատասխանենք այս գործողությանը, մենք պատժիչ գործողություն կանենք։ Դու պետք է զինվորիդ և հասարակությունդ դաստիարակես այնպես, որ երկնքից աստղեր բերելուն հավասար լինի, որ հնարավորություն տա փոքր խնդիրներ լուծել։ Մենք պետք է խնդիր դնենք Աստրախանը գրավելու, Կասպից Ծովը դարձնել Հայաստանի տարածքում գտնված լիճ։ Այդ դեպում մեզ համար Բաքու վերցնելը կլինի խաղալիք, իսկ ես ձեզ հավաստիացնում եմ՝ Բաքուն մինչև չտապալվի, ոչ մի ձևով հանգիստ սահման չենք ունենալու։ Միշտ ունենալու ենք ճակատ»։
Անդրադառնալով ապրիլյան դեպքերի կրկնվելուն՝ Վ. Վարդանովը չբացառեց։ Ըստ նրա՝ գարնանը ցանկացած պահին դա կարող է լինել։