«ՀՀ իշխանությունների գրագետ քաղաքականությունը կարող է արդյունքներ արձանագրել ռուս-ադրբեջանական զենքի գործարքները սահմանափակելու ուղղությամբ». փորձագետ
«Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի հասարակության, իշխանությունների դժգոհությունները, եթե դրանք արտահայտվեն պատշաճ կերպով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց բրիտանական «Քինգզ» քոլեջի դոկտոր, ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ռուս-ադրբեջանական զենքի գործարքներին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ։ «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»,- նշել է նա:
Սրան զուգահեռ՝ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը նորագույն զինտեխնիկա է ստացել Ռուսաստանից, ապա ձևավորել հայ-ռուսական միացյալ զորախումբ, որի շրջանակում շարունակվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի արդիականացումը։
Թրեյսի Ջերմանն ասաց, որ ներկայումս այդ գործընթացի նկատմամբ վերահսկողության սահմանումը չափազանց բարդ խնդիր է հայկական կողմի համար, թեև Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է ՀԱՊԿ-ում և ՌԴ ռազմավարական դաշնակիցը Հարավային Կովկասում: Սակայն, ըստ նրա, մասամբ նաև ՀՀ քաղաքականության հետևանքով է այս գործընթացը խորացել: Եվրոպացի վերլուծաբանը հիշեցրեց, որ այս տարիների ընթացքում Հայաստանը ոչ միայն որևէ դժգոհություն չի հայտնել Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին այս քաղաքականության վերաբերյալ, այլև շարունակել է խորացնել իր քաղաքական և ռազմական կապերը Ռուսաստանի հետ՝ այնպիսի տպավորություն թողնելով, թե զենքի վաճառքն իրեն չի անհանգստացնում:
«Ի դեպ, նման տպավորություն ստեղծվեց նաև ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանը համաձայնեց Ռուսաստանի հետ միացյալ զորամիավորում ձևավորել, որի գործառույթներն այդպես էլ չհանրայնացվեցին հայ հասարակության համար, իսկ մինչ այդ ՀՀ իշխանություններն արդեն շատ մեղմ բողոքներ արտահայտել էին ռուս-ադրբեջանական զենքի գործարքների վերաբերյալ:
Սա ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ ստացվում է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է Հայաստանը, Հայաստանի գործընկերությունը ռազմական ոլորտում, Հայաստանի թույլտվությունները, որոնք Հայաստանը տրամադրում է Ռուսաստանին անշահախնդրորեն՝ դրա դիմաց պահանջներ չդնելով, այնինչ ներկայիս դասավորության պայմաններում, իմ համոզմամբ, այդ պահանջները դրական արդյունք կունենային հայկական կողմի համար: Ռուսաստանը չի կարող անտեսել Հայաստանի հասարակության, իշխանությունների դժգոհությունները, եթե դրանք արտահայտվեն պատշաճ կերպով:
Այս պնդման վառ ապացույցն էր Ռուսաստանի կողմից իսկանդերների տրամադրումը Հայաստանին, որը Ռուսաստանն արեց Հայաստանում իր իմիջը փրկելու նպատակով»,- մեկնաբանեց Թրեյսի Ջերմանը՝ վստահեցնելով, որ Հայաստանի իշխանությունների տված վերջին համաձայնություններից հետո այլևս դժվար կլինի այնպիսի պահանջներ առաջադրել Ռուսաստանին, որպեսզի նա դրանք բավարարի անվերապահորեն:
Այնուամենայնիվ, դոկտոր Ջերմանի համոզմամբ՝ այս հարցի ուղղությամբ ՀՀ իշխանությունների գրագետ քաղաքականությունն այս պայմաններում ևս կարող է որոշակի արդյունքներ արձանագրել: Ըստ նրա՝ այս առումով Բելառուսի փորձը կարող է նախադեպ դառնալ Հայաստանի համար. Բելառուսը, խնդիրները բարձրացնելով, որոնք վերաբերում էին ԵՏՄ-ում առևտրաշրջանառության պայմաններին, կարողացավ դրանք լուծել, ավելին, բոնուսներ ստացավ Ռուսաստանից, քանի որ Ռուսաստանը հասկացավ այդ երկրին կորցնելու վտանգը:
«Եթե երկկողմ հարաբերություններում կան խնդիրներ, դժգոհություններ, դրանք պետք է արտահայտել հատկապես, երբ կա հստակ հարթակ դրա համար, որը ՀԱՊԿ-ն է: ՀԱՊԿ-ում Հայաստանն այս հարցը կարող է բարձրացնել տարբեր միջոցներով: Վստահեցնում եմ, որ սա չի կարող անտեսվել, քանի որ դա կհանգեցնի ՀԱՊԿ-ի վերջնական կործանմանը: Բնականաբար, ՀՀ իշխանություններն ավելի լավ գիտեն, թե որ ոլորտներում կարող են սահմանափակել Ռուսաստանին, այսինքն՝ երկկողմ հարաբերություններում մեղմ սանկցիաները ևս հավասարակշռություն և հարգանք կներմուծեն հայ-ռուսական հարաբերություններում»,- ասաց Թրեյսի Ջերմանը: