«Քաղաքական դաշտը հասունացած է». Մկրտիչ Մինասյան
«Այն նպատակները, որ հետապնդում էին սահմանադրական բարեփոխումները, իրականություն են դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Սահմանադրական բարեփոխումների նպատակն այն է, որ յուրաքանչյուր դաշինք կամ քաղաքական ուժ փորձի շահել ժողովրդի այս կամ այն հատվածի վստահության քվեն»,- ասաց Մինասյանը:
Նա հուսով է, որ խորհրդարանական ընտրությունները կընթանան թափանցիկ, իսկ ընտրությունների արդյունքները վիճահարույց չեն լինի: «Ինչո՞վ է պայմանավորված իմ այս տեսակետը: Պայմանավորված է ՀՀԿ-ի դիրքորոշմամբ, քաղաքականությամբ, քաղաքական կամքով և նպատակով»,- նշեց նա՝ հավելելով, թե «քաղաքական դաշտը հասունացած է»:
«Նախկինում գիտեինք, որ մեր ժողովրդի առանձին հատվածներ դժգոհ են եղել ընտրությունների արդյունքներից, և սա բնական է, քանի որ բացարձակ արժեքներ չեն լինում: Այժմ, այո, կարող ենք ասել, որ հասունացած է քաղաքական դաշտը»,- ասաց նա:
Ըստ պատգամավորի, առանց քաղաքական տեսակետների անհամաձայնության չեն կարող ընտրություններ ընթանալ, և դա պետք է իրականանա քաղաքական դաշտում, ինչը և ձևավորում է քաղաքական նոր մշակույթ: