«Բաքվի դիվանագիտական լեզուն ԼՂ հարցում ավելի ու ավելի անմտածված է դառնում». Ստանիսլավ Տարասով

«Լավրովի պատասխանն ադրբեջանցի լրագրողի հարցին աղմկահարույց էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ ադրբեջանցի լրագրողին ուղղված սթափեցնող պատասխանին։

Հիշեցնենք, որ օրերս, ի պատասխան ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք «օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից հակաահաբեկչական օպերացիա և քրեական տարրերի զտումներ սկսելու դեպքում Ռուսաստանը միջամտելո՞ւ է Ադրբեջանի ներքին գործերին», ՌԴ ԱԳ Նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել էր, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեման վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեման չէ»։

Լավրովի խոսքով` ղարաբաղյան խնդրի վերաբերյալ կան մի շարք որոշումներ, որոնք ընդունվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ուղղված են եղել հակամարտության գոտում կրակի դադարեցմանը։ Լավրովը նշել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև՝ հայտարարություններում և փաստաթղթերում, որոնց տակ դրված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրությունները, ընդգծվում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Նախարարը հիշեցրել էր, որ 2016-ի ապրիլին հակամարտության սրումից հետո, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները, միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և անմիջապես շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի մեծացման անհրաժեշտության վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերվել: «Ցավոք, նույնիսկ այսպիսի տարրական բանը՝ մեխանիզմների ստեղծումը և դիտորդների թվի մեծացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ ԵԱՀԿ-ում առայժմ կոնսենսուս չկա»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ կոնսենսուսի բացակայության պատճառների մասին «պետք է հետաքրքրվել այդ կազմակերպության ներկայացուցիչներից»։

Ստանիսլավ Տարասովը բավականին կոշտ և սթափեցնող որակեց ադրբեջանցի լրագրողի համարձակ հարցի վերաբերյալ Լավրովի տված պատասխանը։ Ռուս վերլուծաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, Սերգեյ Լավրովը բառացիորեն ասել էր հետևյալը. «Սա այլևս ինչ-որ վերացական բան չէ, դա բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»։

Տարասովի համոզմամբ՝ նման հստակ ձևակերպում այս իրավական հարցի շուրջ հնչեց առաջին անգամ, ինչը կարելի է աղմկահարույց համարել՝ հաշվի առնելով միջազգային իրավունքի սկզբունքները։

Ըստ նրա՝ սա տեղին և դիպուկ իրավաբանական ձևակերպում էր, ինչն անտեղիորեն քննադատության արժանացավ ադրբեջանական մամուլում։

«Ցանկանում եմ հիշեցնել, որ 1960-ական թթ. ազգերի ինքնորոշման իրավունք կիրառելու մասին պահանջները սկսեցին ավելի ու ավելի հաճախ դիտարկվել՝ որպես միջազգային իրադարձություն։ 1977թ. ընդունվեց արձանագրություն, համաձայն որի՝ այն զինված հակամարտությունները, որոնցում ժողովուրդները պայքար են մղում գաղութատիրության և օտարերկրյա օկուպացիայի դեմ, դասվում են հակամարտությունների թվին, որոնք միջազգային են։

Եվս մեկ ուշագրավ հանգամանք եմ ցանկանում շեշտել։ Ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանը մասնակցեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների նախապատրաստությանը, համաձայնությունների, որոնք դիտարկում էին մոնիտորինգային համակարգերի ներդրում շփման գծում և միջազգային դիտորդների տեղակայում։ Իհարկե, այդ փաստաթղթերը Բաքուն չստորագրեց, ինչը խոչընդոտում է այս միջոցների կիրառմանը, քանի որ միջազգային դիտորդությունը Բաքվում ընկալվում է՝ որպես Բաքվի ներքին գործերին միջամտություն։ Սակայն չէ՞ որ փաստը, որ Բաքուն մասնակցում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքներին, նշանակում է, որ հակամարտությունն այլևս Ադրբեջանի ներքին գործը չէ։ Ուստի Սերգեյ Լավրովը դիպուկ էր իրավաբանական տեսանկյունից»,- պարզաբանեց Ստանիսլավ Տարասովը։

Հարցին, թե ինչ նկատի ունի Լավրովը՝ նշելով, որ ԵԱՀԿ-ում չկա կոնսենսուս մեխանիզմների ներդրման հարցում, Տարասովն արձագանքեց՝ ասելով, որ այս պահին հստակ չէ, թե ով է արգելափակում այդ գործընթացը։ «Գուցե խոսքը հենց Բաքվի մասին էր»,- նկատեց նա։

Խոսելով Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովի՝ Լավրովին ուղղված պատասխանից, ռուս վերլուծաբանը հիշեցրեց Մամեդյարովի խոսքերն այն մասին, որ «ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր և հարևան պետություն, պետք է շատ ավելի մեծ ջանքեր ներդնի հակամարտության արագ կարգավորման համար»։

«Բաքվի այս տրամաբանությունն ու դիվանագիտական լեզուն անհասկանալի է, քանի որ Ռուսաստանը Մինսկի խմբում աշխատում է գործընկերներ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, անհասկանալի է, թե ինչու Ռուսաստանը շատ ավելի մեծ ջանքեր պետք է ներդնի։ Բաքվի դիվանագիտական լեզուն ԼՂ հակամարտության հարցում ժամանակի ընթացքում ավելի անմտածված և տարօրինակ է դառնում, ինչը հույս չի ներշնչում, թե հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում առաջընթաց կարող է արձանագրվել»,- նշեց Ստանիսլավ Տարասովը։ Վերջինիս խոսքով՝ առաջընթաց կարելի է սպասել միջնորդների կոշտ ճնշումների և արձագանքների պարագայում, որի իրավունքը նրանք ըստ էության չունեն։

Տեսանյութեր

Լրահոս