Ինչպես չդառնալ ադրբեջանական հաքերների զոհ. մասնագետի խորհուրդը
Ադրբեջանական հաքերների կողմից հարձակումներ են սպասվում: Մասնագետները խորհուրդ են տալիս զգոն լինել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, այս անգամ նկատվում է ֆեյսբուքյան պրոֆիլները թիրախավորելու միտում:
«Ադրբեջանական հաքերների ամենաակտիվ օրերից են այսօրը և վաղը, այսպես կոչված «սեւ հունվարն» են նշում։ Այս տարի միայն տեղեկատվական կայքերը չեն թիրախավորված, այլև հարձակման են ենթարկվում սոցիալական ցանցերի օգտատերերը: Դա նաև նկատվեց վերջերս, երբ ֆեյսբուքի պրոֆիլները կոտրելու ալիք եղավ»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մասնագետը հորդորեց լինել զգույշ, ամեն պատահական լինկի վրա չսեղմել: Նրա խոսքով, պրոֆիլները հիմնականում երկու ձևով են կոտրում:
«Օգտվում են արդեն արտահոսք եղած շտեմարաններից, երբ բազմաթիվ մարդկանց էլեկտրոնային հասցեների, գաղտնաբառերի արտահոսք եղավ, եթե հիշում եք yahoo-ն կոտրվեց: Այն դեպքում, երբ անձը նույն գաղտնաբառն օգտագործում է և էլեկտրոնային հասցեի և ֆեյսբուքի դեպքում, ապա կարող են կոտրել պրոֆիլը: Երկրորդ տարբերակը, երբ իբր գալիս է հաղորդագրություն ֆեյսբուքից, անձը սեղմում է այն և հայտնվում է մի կայքում, որն արտաքինից ֆեյսբուքի տեսքն ունի: Նա մուտքագրում է գաղտնաբառը` մտածելով, որ մուտք է գործում ֆեյսբուք, բայց իրականում տվյալ անձն իր գաղտնաբառն է փոխանցում հաքերին»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մասնագետը նշեց, որ այդ հարձակումները մինչև փետրվարի վերջ դեռ կշարունակվեն: Նա խորհուրդ է տալիս լինել ուշադիր, և եթե էլեկտրոնային հասցեի ու ֆեյսբուքի գաղտնաբառերը նույնն են, ապա փոխել: