Թուրքիան հայ-թուրքական հարաբերություններում ստեղծված «պատը» վերածում է իրական բետոնե պատի

Թուրքիան ձեռնամուխ է լինում իր սահմանները մաքսանենգությունից և ահաբեկչությունից պաշտպանելու արտասովոր միջոցառումների, որոնք չեն շրջանցելու նաև Հայաստանը։ Օրերս թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե Թուրքիան Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումն ավարտելուց հետո ձեռնամուխ կլինի նաև Հայաստանի և Իրանի սահմաններին` Արդահանի, Իգդիրի և Կարսի կողմից, պատի կառուցմանը։

Սահմանային պատի կառուցումը կստանձնի Թուրքիայի կառավարությանը կից պետական բնակարանաշինության վարչությունը։ Հիշեցնենք, որ 2016թ. մայիսին վարչության և Թուրքիայի ՊՆ-ի ու Ֆինանսների նախարարության միջև համատեղ արձանագրություն էր կազմվել երկրի 6 նահանգում անվտանգության նկատառումներով սահմանային պատի կառուցման վերաբերյալ: Նախատեսվում է, որ բետոնե պատը կունենա 3 մետր բարձրություն և 2 մետր լայնություն: Միևնույն ժամանակ, թուրքական «Վաթան» պարբերականը հայտնում է, որ Սիրիայի հետ սահմանին բետոնե պատի կառուցումը կավարտվի արդեն ապրիլ ամսին:

«168 Ժամի» հետ զրույցում թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը փորձեց պարզաբանել, թե ինչու է թուրքական կողմը որոշել բետոնե պատ կառուցել նաև Հայաստանի հետ սահմանին հայ-թուրքական փակ սահմանի և հայկական կողմից ահաբեկչության ու մաքսանենգության վտանգի բացակայության պարագայում։ Մելքոնյանն ասաց, որ այն սպառնալիքները, որոնք կան Թուրքիայի նկատմամբ սիրիական սահմանից, չկան հայկական սահմանից մի քանի պատճառով։ Նախ, ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, չկան բաց սահմանային ուղեկալներ, հետևաբար՝ այդ ուղեկալները շրջանցող տարատեսակ ուղիներ և մեթոդներ, որպես այդպիսին, չեն կիրառվում։

«Սիրիայի պարագայում հարցը մի փոքր այլ կոնտեքստում պետք է դիտարկել։ Թուրք-սիրիական սահմանը, այդ թվում՝ Թուրքիայի հովանավորությամբ, դարձել էր ահաբեկիչների համար հանգիստ անցնելու ուղի, և հենց ահաբեկիչների խոստովանությամբ՝ թուրքական իշխանություններն ամեն կերպ օգնում էին, որպեսզի նրանք անարգել անցնեն այդ սահմանը և իրենց գործունեությունը ծավալեն Սիրիայում։ Այդ պարագայում լիովին այլ իրավիճակ էր ստեղծվում։ Ներկայումս քաղաքական շահերը փոխվել են, և Թուրքիան իբրև թե պայքարում է ահաբեկչության դեմ, նրա համար վտանգ են դարձել այն բոլոր թույլտվությունները, այն բոլոր դրական պայմանները, որոնք նա ստեղծել էր իսլամական ահաբեկիչների համար թուրք-սիրիական սահմանն անցնելու հարցում, ուստի ներկայումս Թուրքիան պայքարում է այն սպառնալիքների դեմ, որոնք ինքն է ստեղծել, պատ կառուցելով։

Ինչ վերաբերում է Հայաստանին, այս պարագայում նման վտանգների մասին խոսել և զուգահեռներ տանել հնարավոր չէ։ Եթե մենք դիտարկենք հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած միջադեպերը, ապա դրանք հիմնականում Թուրքիայի կողմից անօրինական ճանապարհով Հայաստան անցնելու մի քանի փորձեր են, որոնց մասին մամուլում հրապարակումներ եղել են։ Երևի թե հիշում եք տեղեկություններն այն մասին, որ թուրք հովիվներն անզգույշ կամ միտումնավոր քայլեր էին ձեռնարկել՝ անցնելու համար հայ-թուրքական սահմանը և կամ իրենց հոտն այստեղ արածացնելու կամ այստեղից անասնագողություն կազմակերպելու համար։ Բոլոր դեպքերը եղել են թուրքական կողմի խախտումներ։ Ուստի Հայաստանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու մասին խոսակցությունները, նման պատ կառուցելու որոշումն անտեղի է։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա սա վաղուցվա խնդիր է։ Թուրքական կողմը պնդում է, որ Իրանի և Թուրքիայի միջև սահմանի մի հատվածում, որը սահմանակից է Վան նահանգին, կան հատվածներ, որտեղից Քրդական աշխատավորական կուսակցության խմբերն անցնում են Թուրքիա կամ Իրաք, սահմանային այդ հատվածն անհանգիստ է։ Ուստի այս դեպքում միգուցե իմաստ ունենա պատի կառուցումը»,- մեկնաբանեց Ռ. Մելքոնյանը։ Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանի հետ սահմանին պատի կառուցումը տեղավորվում է թուրքական այն կեղծ քարոզչության շրջանակներում, համաձայն որի, իբրև թե Հայաստանում էլ կան քրդական ահաբեկչական կառույցների ճամբարներ, որոնք այդ սահմանն օգտագործում են Թուրքիա անցնելու համար։ «Կարծում եմ, որ սա ավելի շատ այդ ենթատեքստը պարունակող քայլ է»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով, այն, ինչ կա իրական քաղաքական դաշտում՝ փակ սահմաններ և ցանկացած գնով այդ փակ սահմանը պահելու թուրքական ձգտում, կխորհրդանշի այդ բետոնե պատը տեսանելի կերպով։ Մելքոնյանի համոզմամբ՝ սա, բնականաբար, միայն ավելացնելու է հայ-թուրքական հարաբերություններում առկա բացասական միտումները։

Մեզ հետ զրույցում Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» պարբերականի խմբագիր Արա Գոչունյանն ասաց, որ հասկանալի է սեփական սահմանները պաշտպանելու՝ Թուրքիայի իշխանությունների մղումը, սակայն անհասկանալի է Հայաստանի հետ սահմանին բետոնե պատ կառուցելու որոշումը։ Գոչունյանը նշեց, որ, եթե դիտարկենք աշխարհի իրադարձությունների ընդհանուր տրամաբանությունը, կնկատենք, որ պետությունների քաղաքականություններում աստիճանաբար անվտանգության նկրտումները գերակշիռ են դառնում։

«Եվրոպայում կան բազում երկրներ, որոնք փախստականների հոսքերը կասեցնելու համար ցանցեր են տեղակայում իրենց սահմաններին, ինքնապարփակվելու և վտանգներից պաշտպանվելու քաղաքականությունը խորանում է աշխարհում հրատապ ճգնաժամային իրադարձությունների ազդեցության ներքո։ Սակայն կոնկրետ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների պարագայում սա շատ խորհրդանշական և ցավալի երևույթ է, որովհետև փաստորեն գործնականում որևէ հարաբերություններ չունեցող, փակ սահմանին բետոնե պատ կառուցելու երևույթը հուսահատական և հոռետեսական երևույթ է հայ-թուրքական հարաբերությունների համար։ 25 տարի հայ-թուրքական հարաբերություններում բեկում ակնկալողների համար դա շատ դառը երևույթ է։

Պարզ է, որ Թուրքիան փորձում է ահաբեկչական հոսքերը կասեցնել իր արևելքի և հարավի սահմաններից հարևանների հետ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելով։ Իմ խորին համոզմունքն այն է, որ Թուրքիա-Հայաստան առանց այն էլ փակ սահմանին պատի կառուցումը մեծ հուսահատություն և ցավ է մեզ նման մարդկանց համար, որոնք սպասում են այդ սահմանին թափանցիկություն, սահման, որի բացումը միայն սահմանի բացում չի խորհրդանշելու, այլ երկու ժողովուրդների, երկու պետությունների միջև պատմական հաշտություն, որը տարածաշրջանում շատ ավելի կայուն, շատ ավելի ամուր խաղաղություն կարող է ձևավորել, քան այդ պատը։ Սա բացասական զարգացում է՝ առանց այն էլ փակ սահմանի և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում»,- ցավով նշեց Արա Գոչունյանը։

Ըստ նրա, եթե պատը կառուցվեր երկու երկրների փոխադարձ համաձայնությամբ, որպես անվտանգության միջոց, բնականաբար, նորից դրական չէր անդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա, բայց որոշ չափով հանդուրժելի կլիներ։ «Բայց ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն սահման, այն փակ է, չի օգտագործվում, և դրա պարագայում երկրները գնում են քայլերի սեփական դատողությամբ, այսինքն՝ կողմերն ինքնակամ են գործում, քանի որ չկան հարաբերություններ, և այդ սահմանը դառնում է ոչ թե համագործակցության, հարաբերվելու սահման, այլ ընդհանրապես պատնեշի, արգելափակման մթնոլորտ ձևավորող սահման։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ Թուրքիան ցանկանում է իր արևելյան և հարավային հարևանների սպառնալիքներից պաշտպանվել, չեզոքացնել ահաբեկչության վտանգը, որից Թուրքիան մեծապես տուժում է, կանխել այն, ինչը հասկանալի է։ «Բայց ընդհանուր անվտանգության նկրտումը Թուրքիա-Հայաստան սահմանին տխուր պատկեր է ստեղծում այն մարդկանց համար, որոնք 25 տարի սահմանի բացում են ակնկալում։ Սա անվստահության ևս մեկ առիթ է դառնալու այս հարաբերություններում»,- ասաց Արա Գոչունյանը։

Տեսանյութեր

Լրահոս