ԱՄՆ նոր վարչակազմը կարող է վերանայել արտաքին օգնության ծրագրերը
Սենատում կայացած լսումների ժամանակ, որոնք նվիրված էին Ռեքս Թիլերսոնի նշանակմանը պետքարտուղարի պաշտոնում, սենատորները բարձրացրել էին կոռումպացված վարչակարգերի կողմից ամերիկյան օգնության փոշիացման փորձերին վերաբերող հարցեր: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Եթե մենք պատրաստվում ենք օգնություն ուղարկել մի երկիր, ուր գիտենք կա նման վտանգ, ապա ի՞նչ պետք է անենք, որ դա չլինի»։
Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին օգնության առաջնահերթություններից է լինելու երկրներում օրենքի գերակայության և սեփականության իրավունքի ուժեղացումն, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը:
«Արևմտյան զարգացած երկրների տրամադրած արտաքին օգնության զգալի մասն օգտագործվել է կոռումպացված վարչակարգերի ուժեղացման համար»,- ասում է Ջեյմս Ռոբերթսը Heritage հիմնադրամից:
Հավանական է նաև, որ Սպիտակ Տունն ու հանրապետականների վերահսկողության տակ գտնվող Կոնգրեսի երկու պալատները կվերանայեն նաև կրոնական պահպանողական շրջանակների քննադատության ներքո գտնվող ծրագրերը:
«Հիմնավոր անհանգստություն կա, որ կվերանայվեն ծրագրեր հատկապես ընտանիքների պլանավորման, վերարտադրողական առողջության, հատկապես ՄԻԱՎ-ի կանխարգելման և բուժման ոլորտներում»:
Հեռացող վարչակազմի պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է անի ավելին, քան ծախսում է այս պահին: Այս տարվա արտաքին օգնության համար նախատեսված է 34 մլրդ. դոլար: Ջոն Քերրին ցանկանում է տեսնել մի նոր «Մարշալի ծրագիր», ուր մեծ տեղ կտրվի կրթությանը և մահմեդական ծայրահեղականության կանխարգելմանը:
«Աշխարհում կա շուրջ մեկ ու կես միլիարդ երեխա, որոնցից մոտ 400 միլիոնը չեն հաճախում դպրոցներ, և դա կարևոր խնդիր է մեզ համար»,- ասում է պետքարտուղար Քերրին: