«Կրծողների առկայությունը կհանգեցնի այգիների որոշ մասի չորացման». Հրաչ Բերբերյան

«Այս տարի ոռոգման խնդիր չպետք է ունենանք, որովհետև այնքան ձյուն է կուտակվել սարերում, որ պետք է ուղղակի անփույթ լինել՝ ջրի կուտակումը չապահովելու համար: Տարին հաջող է, դեռ որևէ խնդիր չենք տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր հարցին՝ եղանակային պայմանները հաշվի առնելով՝ ինչպիսի՞ն կլինի տարին գյուղատնտեսության համար, ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա վիճակով տարին բարենպաստ է, և առատ բերքի տարի է սպասվում: «Մինչև հիմա ցրտահարություն չենք ունեցել. կարող է մի փոքր ցրտահարություն եղած լինել այն այգիներում, որտեղ այգեթաղ չի կատարվել: Բայց նախորդ տարվա ամենալուրջ վնասը կրծողների դեմ պայքարի ձախողումը հասցրեց: Դա կբերի այգիների որոշ մասի չորացման»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գարնանը ևս հնարավոր է կրծողների ակտիվացում:

«Պետք է պայքարն ավելի շուտ սկսել, որ էֆեկտիվ լինի, թե չէ՝ վնասը ստանում ենք, հետո՝ պայքարում. դրա իմաստը ո՞րն է»,- ասաց նա՝ նշելով, որ անբարենպաստ է այն, որ հանրապետությունում թունաքիմիկատներ չկան:

Ըստ նրա՝ գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որ օպերատիվ աշխատանքի ուղղություններ պետք է լինեն, որպեսզի գումարի խնդիր չառաջանա. «Թե չէ՝ մինչև Գյուղնախարարությունը դիմում է կառավարություն, մինչև կառավարությունից գումար է հասնում, մինչև այդ գումարով թունաքիմիկատ են գնում, արդեն վնասը հասնում է հսկայական չափերի»:

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում գյուղատնտեսության նոր նախարարի գործունեությունն այդ առումով, նա այսպես պատասխանեց.

«Ընդհանրապես 100 օր հետո են գնահատում, բայց քանի որ մեզ մոտ հիմա գյուղատնտեսությունը հարաբերական հանգստի վիճակում է, ապա դրական քայլեր երևում են: Համենայնդեպս, այս վերջերս հայտարարվեց, որ ցանցային և հրթիռաարկային համակարգերը վերադարձվելու են հակակակարկտային ծառայություն, ինչի համար քանի տարի է՝ պայքարում ենք: Դա մեր ցանկությունն է, որովհետև այսօրվա հակակարկտային սարքերն անարդյունավետ են աշխատում, գյուղատնտեսության համար անպիտան են»:

Շարունակելով հարցի պատասխանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց, որ արդեն 3-4 նախարար փորձ է արել վերականգնել ազոտական պարարտանյութի արտադրությունը, բայց արդյունքում՝ այսօր որևէ պարարտանյութի արտադրություն չունենք:

Տեսանյութեր

Լրահոս