«Ժամանակը կգա՝ կտանք անունները, թե այդ կասկածելի հակակարկտային սարքերը որ նախարարների բիզնես շահերից են բխում: Գյուղացուն դրանք պետք չեն». Հրաչ Բերբերյանը բացահայտումներ է անում
«Հիմա բյուջեն են քննարկում. ես խնդրում եմ պատգամավորներին՝ այս հարցը խորը քննարկել. արդյոք այդ սարքավորումները պե՞տք են, թե՞ ոչ: Դիմելու եմ նաև ՀՀ վարչապետին, որ այս հարցը խորը ուսումնասիրվի, որովհետև հայ գյուղացուն այս սարքերը պետք չեն»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով հակակարկտային կայանների մասին՝ հայտարարեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի էր, թե ինչու Արգենտինայից ձեռք բերված և ացետիլենով աշխատող սարքավորումները սկսեցին շահագործել պրոպանով և բութանով, ինչի արդյունքում այդ սարքերի էֆեկտիվությունը զրոյական է դարձել:
«Գյուղացին դրա օգուտը չի տեսնում: Հայաստանն առաջինն է, որ պրոպանով և բութանով է աշխատեցնում այդ սարքավորումները»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր հանրապետությունում 500 նման սարք ունենք տեղադրված:
Հ. Բերբերյանն ընդգծում է՝ թեև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կասեցրել էր այդ սարքավորումների պատվիրումը, բայց գարնանը նորից պատվեր է եղել.
«Ի՞նչ ուժեր կան սրանց հետևում կանգնած: 12 տարի է՝ ապացուցվում է, որ այս սարքերն օգուտ չեն տալիս մեր գյուղատնտեսությանը, բայց համառորեն ձեռք են բերվում: Այստեղ ինչ-որ ուժեր կան, որոնք շահագրգռված են, որ այս սարքավորումները դեռ արտադրվեն, դեռ բյուջեի միջոցներով վաճառք կատարվի: Թե ովքեր են այդ ուժերը՝ չենք կարողանում հասկանալ: Բնականաբար, բութան վաճառող ընկերությունները կողմ կլինեն այս սարքերին: Սարքերը Հայաստանում են պատրաստվում: Ցավն այն է, որ այս սարքերը ժամանակին փորձաքննություն էլ չեն անցել, որովհետև, երբ դիմում ենք Ստանդարտների վարչությանը, նրանք ասում են՝ մենք այդպիսի ստանդարտ չունենք: Կառավարությունն ինչպե՞ս է առանց մրցույթի ձեռք բերում, դա էլ է հանելուկ»:
Հ. Բերբերյանն ասաց, որ հակակարկտային այդ սարքերի վատ աշխատելը դրանց պատասխանատուները բացատրում են քանակով:
«Մարդիկ ասում են՝ այդ 500 հատը վատ է աշխատում, որովհետև մեզ 5 հազար հատ է պետք: Լավ, ասենք՝ 15 հազար հատ դրեցիք, և սարքը չաշխատեց, էֆեկտիվ չեղավ, ո՞վ է դրա պատասխանատուն: Այն մարդը, որը հանձն կառնի, թող իր տունը, ընտանիքը բերի՝ գրավ դնի կառավարությունում և այդ պատվերը տա պետությանը: Այսօր մենք բյուջե ենք փորձում համալրել և ինչ-որ կասկածելի սարքերի վրա գումա՞ր ենք ծախսում»,- ասաց նա:
Բերբերյանի կարծիքով՝ լուծումը մեկն է՝ անցնել ցանցային համակարգի:
«Նախագահն ունի նման հանձնարարական, ու հետաքրքիր է, որ այդ նույն ուժերը՝ իմանալով, որ հանրապետության նախագահի կարծիքն ուրիշ է, որ գյուղատնտեսության համար ցանցային համակարգն է էֆեկտիվ… ես մոտավորապես գիտեմ՝ ովքեր են. այսօր էլ կառավարությունում կան այդ մարդիկ, տարբեր օղակներում կան, որ կողմ են արտահայտվում այդ սարքերին»,- ասաց նա՝ խուսափելով անուններ նշել ու խոստանալով՝ դրանք հնչեցնել երբ ժամանակը գա:
«Ժամանակը կգա, անուններն էլ կտանք. ոչ մեկից էլ չենք վախենում: Գարնանը կգա այդ ժամանակը»,- միայն նշեց նա:
Հրաչ Բերբերյանը նաև ասաց, որ ցանցային համակարգին անցնելը թանկ չէ, ինչպես սովորաբար նշում են.
«Հենց նույն մարդիկ են նման հայտարարություններ անում: Ո՞նց կարող է ցանցային համակարգի ներդրումն ավելի թանկ լինել, երբ դա 100 տոկոսով երաշխավորում է բերքի չվնասվելը, էլ չեմ ասում, որ կասեցնում է ցրտահարությունը: 1 հա-ի համար հարկավոր է 3 հազար եվրո՝ իտալական սարքավորման դեպքում: Եթե Հայաստանում այդ ցանցն արտադրենք՝ այդ արժեքի կեսը կլինի: Ես պատասխանատու հայտարարություն եմ անում՝ մեր գյուղացիներին այդ սարքերը պետք չեն, եթե կառավարությունն ուզում է ձեռք բերել, թող չասի՝ ֆերմերի համար է ձեռք բերում: Աշխատում է «շունը շան թաթ չի կծում» սխեման, որովհետև, երբ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը կասեցրել էր այդ սարքերի ձեռքբերումը, մյուս նախարարներն ասում էին՝ մեր գործերի մեջ ինչո՞ւ ես քիթդ մտցնում: Նա էլ ասել էր՝ այդ սարքերը մեզ պետք չեն, արտադրում եք՝ ձեզ համար արտադրեք: Դա նախորդ տարվա նոյեմբերին էր, ու վարչապետը կասեցրեց դա»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: